Քաղաքապետարանի գնած «Կամազ»-ներն այդքան արագ ինչպե՞ս հասան Երևան

Երևանի քաղաքապետարանն արդեն ներկրել է այն «ԿամԱԶ»-ները, որոնք կյանքի գնով ձեռք բերեց առանց իրական մրցույթ անցկացնելու, կառավարության որոշմամբ մեկ անձից գնման տարբերակով: Դրանք արդեն Երևանի փողոցներում են: Մենք լուսանկարներ ունենք այդ «ԿամԱԶ»-ներից, որոնք դեռ պետհամարանիշ էլ չունեն՝ տրանզիտային համարներով են և արդեն շրջում են մայրքաղաքի փողոցներով: Որքանով տեղեկացանք, այդ «ԿամԱԶ»-ները երեկ են հասել Երևան, այն դեպքում, երբ պայմանագիրը կնքվել էր ապրիլի 26-ին, և 8-9 օր անց, փաստորեն, դրանք Ռուսաստանի Դաշնությունից հասցրեցին ներկրել Երևան: Այս հանգամանքն ավելի է խորացնում ու ամրապնդում այն կասկածները, որ այս «ԿամԱԶ»-ների գնման պայմանավորվածությունը վաղուց էր ձեռք բերվել, դրանք նախապես արդեն պատրաստ կանգնած էին պահեստում և մնում էր միայն գնումը հաստատվեր, որ դրանք ուղարկեին Հայաստան:

Այսինքն՝ Հայկ Մարությանը վաղուց էր որոշել, որ հենց «ԿամԱԶ» պետք է գներ, ամեն ինչ նախապես պայմանավորվել էր «ԿամԱԶ»-ի ներկայացուցիչների հետ՝ թքած ունենալով մրցույթի, այլ մասնակիցների հնարավոր ներգրավման վրա, դրա համար էլ այս մեքենաները Երևան հասան այսքան արագ: Եվ սա նման տեխնիկայի մատակարարման համար, այն էլ՝ մեկ այլ պետությունից, խելամիտ ժամկետ չէ, եթե իրապես հավասար ու արդար մրցույթ անցկացվեր: Բայց Մարությանը ամեն ինչ արեց, որ մրցույթ տեղի չունենա, գնումը կատարվի մեկ անձից տարբերակով, և սա այն դեպքում, երբ գործը գտնվում էր դատարանում, և գնումների բողոքարկման հանձնաժողովը սխալ էր հանել քաղաքապետարանին՝ փաստացի հաստատելով, որ սկզբում հայտարարված ձևական մրցույթն իրականում «ԿամԱԶ»-ի հագով էր կարած։

Ընդ որում, Հայաստան պետք է ներկրվեր 24 միավոր աղբահավաք տեխնիկա, որոնց մի մասը ավելի փոքր ծավալի և այլ մոդելի մեքենաներ են՝ նախատեսված ավելի նեղ փողոցներում աշխատելու համար: Բայց Երևան են հասել դեռևս միայն այս մեծածավալ «ԿամԱԶ»-ները: Սա ևս խոսում է այն մասին, որ «ԿամԱԶ»-ները վաղուց էին պատրաստ Երևան գալու, իսկ մյուս մեքենաները դեռ պետք է պատրաստեն, պահեստավորեն, ինչը շատ ավելի երկար ժամանակ կխլի: Եվ այս ամենի վրա մեր իրավապահ մարմինները շարունակում են աչք փակել՝ չնկատելով ակնհայտ կոռուպցիոն ռիսկերն ու այս խոշոր գնման մեջ կոնկրետ անձնանց կողմից անձնական շահ հետապնդելու միտումը կամ հավանականությունը:

hraparak.am