Մարտի 1-ի գործով որոշակի նոր ապացույցներ ձեռք են բերվել, բայց դրանք բավարար չեն, որպեսզի մահերը մեղսագրվեն որևէ անձի․ գլխավոր դատախազ

Բացարձակ հիմնավոր չեն նախկին պաշտոնյաների հայտարարությունները, թե իրենք քաղաքական հետապնդումների են ենթարկվում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Կոնկրետ արարք է մեղսագրվում, որը համադրվել է Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի վրա»,-ասաց նա և նշեց, որ քաղբանտակյալ լինելու մասով Քոչարյանի հայտարարությունները հիմքեր չունեն։

Մարտի մեկի քրեական գործի մասին խոսելով, գլխավոր դատախազը նշեց, որ գործից մաս է անջատվել չորս անձանց վերաբերյալ և ուղարկվել է դատարան. մնացած մասով քննությունը շարունակվում է, և դա կարող է առաջացնել բոլոր իրավական հետևանքները։

«Հայտնի է, որ ունեցել ենք 4 մեղադրյալներ, և նրանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, այլ անձանց արարքների իրավական գնահատկաններ դեռևս տրված չեն»,-ասաց նա։

Հարցին, թե 10 զոհերի հետ կապված կա՞ն նոր հանգամանքներ, Դավթյանն ասաց, որ որոշակի նոր տեղեկություններ և նոր ապացույցներ ձեռք բերվել են. «Բայց դրանք դեռևս բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի որպես մեղադրյալ ներգրավել որևէ անձի, այսինքն՝ մեղսագրել մահը կամ մահերը որևէ անձի»: