2020 թվականից մեքենայի մաքսազերծման գինը ավելանալու է մոտ 6 անգամ

2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավել էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում: Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, և ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից: «Ամենացավոտ» բարձրացումներից մեկը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափին, որն էապես ավելանալու է:

Դրույքաչափը
Այժմ Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և 10 տոկոս մաքսատուրք (հանրագումարում՝ 32-ից 52 տոկոս):

ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահմանվեն ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի:

Արդյունքում՝ սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի միջև 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից: Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:

Ներկա պատկերը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Պետական եկամուտների կոմիտեից ստացավ 2017 և 2018 թվականներին Հայաստան ներմուծված բոլոր (համարյա 100 հազար) մեքենաների ցանկը՝ դրանց մակնիշով, շարժիչի աշխատանքային ծավալով և մաքսային արժեքով: 2017 թվականին Հայաստան է ներմուծվել 36.127 մեքենա, որոնց միջին տարիքը 12 տարեկան էր, շարժիչի միջին աշխատանքային ծավալը՝ 2230 սմխ, իսկ միջին մաքսային արժեքը՝ 1.469.700 ՀՀ դրամ:

Աղբյուրը՝  168.am