Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարություն է տարածել՝ Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը եւ դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել: Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների տիրույթում:
Այնուամենայնիվ, կողմերին կրկին հորդորում եմ դադարեցնել բողոքի ակցիաները եւ ներհամայնքային խնդիրները փորձել կարգավորել օրենքի շրջանակներում»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած այս միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նա նշել է, որ իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները:
Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական եւ այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել գյուղացիների միջեւ, որի ընթացքում նրանցից մեկը կրակել է որսորդական հրացանով։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է։
Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։
Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը։
Ըստ նախնական տվյալների՝ տուժել է երեք անձ, երեքի վիճակն էլ՝ բավարար։
Հիշեցնենք, որ երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը:
Դեռեւս մարտից համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ պահանջում էին համայնքապետի հրաժարականը: Սակայն Սարգսյանը մեր զրույցում ասել էր, որ հրաժարական տալու մտադրություն չունի։