Այն, ինչ իր աչքերով տեսավ վարչապետը, հակասում է հեղափոխության հռչակած սկզբունքներին ու տրամաբանությանը

Հանրային կարծիքը կրկին ալեկոծված է։ Քարոզչական առիթն այս անգամ վարչապետի այցն էր մաքսատուն եւ պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրահանգը։ Կարծիքներն, ինչպես միշտ, տրամագծորեն հակադիր են ու անգամ ծայրահեղ։ Շատերը գտնում են, որ վարչապետը մաքսատան շարքային աշխատողներին «դիմում գրել տալու» իրավասություն պարզապես չուներ եւ օրենք է խախտել, նա «ձգում է պտուտակները», փորձում է կրկնօրինակել Ալեքսանդր Լուկաշենկոյին, չէր կարելի տեսախցիկների առջեւ նվաստացնել շարքային աշխատակցին, եւ ընդհանրապես՝ պետք էր ոչ թե նրան պատժել, այլ ՊԵԿ ղեկավարությանը, եւ այլն։ Ուրիշներն էլ մյուս ծայրահեղության մեջ են ընկնում՝ կարծիքներ հայտնելով, թե «մաքսայինի աշխատողներին դա դեռ քիչ է, չգիտե՞նք ոնց են աշխատում ու աջուձախ գռփում», «թող շնորհակալ լինեն, որ չեն դատվում», եւ այսպես շարունակ։

Խնդիրն, իհարկե, կոնկրետ այդ շարքային մաքսավորի անձը չէ․ գուցե նա պարզապես սխալ պահի սխալ տեղում էր հայտնվել, գուցե այդ նույն մաքսակետում նրանից տասնապատիկ ավելի անպատասխանատու աշխատակիցներ կան, ու հենց նրան աշխատանքից ազատելն այնքան էլ արդարացի չէ (բայց այդ դեպքում մաքսատան ղեկավարությունը պիտի համարձակություն ունենա պաշտպանել իր աշխատակցին ու կանգնել-ասել «գիտե՞ք, պարոն վարչապետ, եկեք անարդար չվարվենք, հիմնական մեղավորները մենք ենք, այս-այս-այս պատճառներով թերացել ենք, եթե պիտի պատժեք՝ մեզ պատժեք»)։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ վարչապետը, կառույցի պատասխանատուներին մի կողմ թողած, «անմիջական կոնտակտի մեջ մտավ» հենց շարքային աշխատակցի հետ։

Որովհետեւ այն, ինչ իր աչքերով տեսավ վարչապետը, հակասում է հեղափոխության հռչակած սկզբունքներին ու տրամաբանությանը։ Այո, եթե հեղափոխությունը տեղի ունեցած լիներ «վերեւից», վարչապետը պիտի տեսախցիկների առջեւ ոչինչ չխոսեր, հետո մի կողմ քաշեր ՊԵԿ նախագահին ու իր դժգոհությունն արտահայտեր, նա իր հերթին պիտի կոշտ խոսակցություն ունենար մաքսատան ղեկավարի հետ, վերջինս՝ իր տեղակալների ու բաժինների պետերի հետ, եւ այդպես բարեփոխումների պարտադրանքը պիտի իջներ վերեւից ներքեւ։ Բայց հեղափոխության տրամաբանության հիմքում դրված է այն գաղափարը, որ միայն «վերեւից» սկզբունքը ոչինչ չի տա, ամեն մեկն իր տեղում պիտի անի «իր բաժին» հեղափոխությունը։ Անցյալ տարվա ապրիլին թավշյա հեղափոխությունը հաղթել է հենց այդ սկզբունքով՝ մարդիկ, առանց «վերեւից» հրահանգի սպասելու, դուրս են եկել փողոց, ու ամեն մեկն արել է իր հեղափոխությունը։ Նույն սկզբունքով էլ պիտի արվեն հետագա քայլերը՝ տնտեսական հեղափոխությունը, հեղափոխությունը մարդկանց գիտակցության մեջ, պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքում, եւ այլն։ Մարդիկ (առաջին հերթին՝ պետական հիմնարկների շարքային աշխատողները) չպիտի սպասեն, որ, ասենք, վերադասը, «շեֆի» այցի հետեւանքներից վախենալով, միջոցներ հատկացնի ու կարգուկանոն հաստատի «ստորին օղակներում»։ Համակարգը պիտի փոխվի նաեւ ներքեւից։ Այսինքն՝ աշխատակիցներն իրենք պիտի փոխվեն ու իրենց անմիջական ղեկավարների առջեւ նույնպես փոխվելու խնդիր դնեն։ Այնքան, մինչեւ ալիքը հասնի ամենավերին օղակները։ Եթե ուզում ենք երկրում ինչ-որ բան փոխվի՝ «ես փոքր մարդ եմ, ամեն ինչի համար շեֆս ա մեղավոր» մոտեցումն անընդունելի է։

Ըստ երեւույթին հենց այս սկզբունքի բացակայությունն էր, որ հունից հանեց վարչապետին եւ ստիպեց հենց տեղում կոշտ քայլի դիմել։ Որովհետեւ, այո, ցավալի էր տեսնելը, թե ինչպես են պետական հիմնարկների աշխատակիցները փոփոխություններ ակնկալում բացառապես «վերադասից»՝ հրաժարվելով առանց հրահանգի, սեփական նախաձեռնությամբ մատը մատին խփել։

Հ․Գ․ Ինչ վերաբերում է պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքին, ապա դա իսկապես կարեւորագույն ցուցիչ է։ Աշխարհի գրեթե բոլոր երկրների բանակներում ամեն զորամաս ունի իր դրոշը, եւ եթե դրոշն անհետանում կամ վնասվում է, զորամասը պարզապես լուծարվում է, եւ վերջ։ Առանց պատճառների մեջ «խորանալու»։ Թեեւ հասկանալի է, որ այն ընդամենը խորհրդանիշ է եւ տվյալ զորամասի մարտունակության հետ ուղղակի կապ չունի։ Պարզապես համարվում է, որ եթե զորամասն իր դրոշը չի կարողացել պաշտպանել, հազիվ թե Հայրենիքը պաշտպանի։ Մեր դեպքում՝ պետական դրոշը չհարգողը օրենքները հազիվ թե հարգի։