«Շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում, որ խնդիրը հասնի դրան». Հայկ Ալումյանը՝ իրենց հետագա քայլերի մասին

«Մեղադրանքը շարադրված է այնպես, որ ոչ ոք չի կարող հասկանալ՝ քննիչն ի՞նչ է ուզում ասել։ Մեղադրանքի մեջ կա մի այսպիսի դրվագ՝ ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների նկատմամբ։ Չի ասում՝ ՍԴ ո՞ր դատավորների նկատմամբ, չի ասում՝ այդ ճնշումն ինչո՞վ է արտահայտվել։ Այդ մեղադրանքից պաշտպանվել հնարավոր չէ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Վերջինս հիշեցրեց՝  կոնկրետ փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն է եկել, երբ իմացել է, որ այստեղ քրեական գործ կա, Միքայել Հարությունյանն այդ գործով որպես մեղադրյալ է ներգրավված, և կա հաղորդագրություն, որ նա այս և այլ պաշտոնատար անձանց հետ սահմանադրական կարգ է տապալել։ Սրանից կարելի էր պարզ հասկանալ, որ առնվազն մեծ հավանականություն կա, որ իրեն էլ է մեղադրանք առաջադրվելու. ինքը Հայաստան է վերադարձել՝ շատ լավ պատկերացնելով այդ ամենը։ Նա անգամ նախապես է տեղեկացրել, որ վերադառնում է, և օր է նշել, թե երբ կներկայանա քննությանը։

«Օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը գտնվել է ազատության մեջ, և հետո դատարանի որոշումից հետո ինքը գնացել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)  մուտքի մոտ, 1.5 ժամ սպասել է, որ քննիչը գա ու իրեն կալանավորի։ Այդ մարդուն չի կարելի ասել, որ նա կարող է թաքնվել քննությունից։ Ինքն իր կյանքով արդեն ապացուցել է, որ թաքնվողը չէ։ Իր կյանքում ինքը շատ ավելի ծանր իրավիճակներում է եղել, և հենց էն բանի շնորհիվ, որ ինքը թաքնվողներից չի, մենք շատ մեծ հաղթանակներ ենք արձանագրել»,- ասաց Հայկ Ալումյանը։

Ինչ վերաբերում է քննությանը խոչընդոտելուն, ապա չի կարելի ասել, որ Ռոբերտ Քոչարյանը, այդքան ժամանակ մեղադրյալի կարգավիճակում գտնվելով ազատության մեջ, որևէ չափով փորձ է արել խոչընդոտել քննությանը։

«Մենք շատ անսպասելի քայլերի ենք պատրաստ, շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում, որ խնդիրը հասնի դրան։ Եթե հարցը հասավ դրան, բոլորդ կիմանաք այդ մասին։ Եվրոպական դատարանում 5 գանգատ կա, 6-րդի վրա դեռ աշխատում ենք։ Զուգահեռաբար սկսել ենք աշխատել վճռաբեկ բողոքի վրա։ Ընդհանուր նկարագրական մասը պատրաստում ենք, մինչև դատարանն իր որոշումը կտա»,- ասաց Հայկ Ալումյանը՝ պատասխանելով իրենց հետագա քայլերի վերաբերյալ հարցին։

Հայկ Ալումյանը զուգահեռներ տարավ նաև 2009թ. Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվող 7 հոգու գործի և այս գործի միջև։

«Դուք գիտեք, որ 2009թ. դրությամբ 7 հոգի, այն ժամանակվա ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները, այդ թվում՝ Ալեքսանդր Արզումանյան, Մյասնիկ Մալխասյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան և այլք, մեղադրվում էին 300 հոդվածով սահմանադրական կարգը տապալելու մեջ։ 2009թ. այս հանցակազմը դուրս եկավ 300 հոդվածից ու դարձավ 300.1 հոդված, և 6 դատախազներ դատարանում հրաժարվեցին այդ 7 հոգու մեղադրանքից, քանի որ 300.1 հոդվածը 2008թ. գործող նորմի համեմատ պատասխանատվությունը խստացնող նորմ է, և այդ 7 հոգին պատասխանատվության չենթարկվեցին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով հենց այդ պատճառաբանությամբ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հիմա իրենք պահանջում են նույն այդ չափանիշը կիրառել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Սրա դեմ դատախազն առարկում է՝ ասելով, որ ինքը չի հասկանում, թե ինչու են այն ժամանակ դատախազներն այդպես որոշել։

Հայկ Ալումյանը կարծում է, որ դատախազներն իրենք իրենց չեն ներկայացնում դատարանում, այլ Դատախազությանը, և հիմա, փաստորեն, Դատախազությունն ասում է, թե չի հասկանում՝ ինչու է Դատախազությունը 2009թ. նման որոշում կայացրել, և սա ամենամեծ անհեթեթությունն է։

«Ասեմ ավելին, Նիկոլ Փաշինյանին 2009թ. մեղադրանք չի առաջադրվել 300.1 հոդվածով, և ինքը դրա համար էլ այդպիսի մեղմ պատիժ է ստացել և այդքան շուտ է դուրս եկել, որովհետև Դատախազությունն այն կարծիքին է եղել, որ 300.1 հոդվածը 2008թ. նորմի համեմատ՝ պատասխանատվությունը խստացնող էր։ Իսկ հիմա Դատախազությունը ճիշտ հակառակն է անում։ Լավ, կարելի՞ է այսքան խտրական լինել։ Սա մարդու իրավունքների խախտման կուլմինացիա է, և ես՝ որպես երկար տարիների փորձ ունեցող փաստաբան, զգում եմ, որ սա այսպես երկար շարունակվել։ չի կարող»,- մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։