«Մաքսատան աշխատողին ազատողը վարչապետ Փաշինյանը չէ, այլ նրան նշանակող անձն է». Նորայր Նորիկյան

Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն, որի ընթացքում գրանցված միջադեպերը տարաբնույթ քննարկումների տեղիք են տվել։
Հիշեցնենք, որ վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարել էր աշխատանքից ազատել այն սենյակի աշխատողներին, որտեղ ՀՀ դրոշը հենված էր պատին։ Այնուհետև՝ նույն սենյակի աշխատակցին Նիկոլ Փաշինյանը նկատողություն էր արել՝ նշելով, որ, երբ վարչապետն է գալիս, պետք է ձգված կանգնեն։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

– Պարոն Նորիկյան, ՀՀ վարչապետն իրավունք ունե՞ր մաքսատան աշխատողին աշխատանքից ազատելու հրահանգ տալ։

– Այս հարցին պետք է պատասխանի վարչապետի աշխատակազմը կամ անձամբ վարչապետը, թե որ իրավասությամբ է օժտված համապատասխան հրահանգներ տալու համար։ Կարող եմ մի բան ասել, որ բոլոր դեպքերում Մաքսային ծառայության աշխատակցին ազատելու հիմքերն ամրագրված են՝ ինչպես «Մաքսային ծառայության մասին» օրենքով, այնպես էլ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով։ Հետևաբար՝ պետական մարմնի որևէ աշխատակցի ազատելու հրամանի մեջ չի կարող արձանագրվել, որ վարչապետի հանձնարարությունը կատարելու համար այս կամ այն անձը պետք է ազատվի աշխատանքից։

Կոնկրետ պետք է հիմքը լինի, իրավական նորմին հղում կատարվի, որ «Մաքսային ծառայության մասին» օրենքի այս կամ այն հոդվածի դրույթը խախտելու համար մաքսատան աշխատակիցը պետք է ազատվի աշխատանքից։ Կարծում եմ՝ այստեղ իրավական և իրավաչափ վարչարարության խնդիր կա, պետք է հասկանանք, թե արդյո՞ք տվյալ աշխատակիցը պարտավոր էր համապատասխան սենյակում, համապատասխան կահավորման առումով իրականացնել որոշակի գործընթացներ, կամ՝ եթե օրենքի դրույթ է խախտել, ապա ո՞ր դրույթն է դա։ Այստեղ տեսնում եմ իրավաչափ վարչարարության խնդիր՝ հետևյալ հարցադրումներով, արդյո՞ք հնարավոր չէր բավարարվել աշխատակցին կարգապահական պատասխանատվության ենթարկելով, քանի որ աշխատանքից ազատելը պետք է հիմնավորված լինի ՀՀ իրավական նորմերով։

– Իսկ  ՀՀ օրենսդրությամբ նախատեսվա՞ծ է դրոշի հետ նման կերպ վարվելու, ինչպես վարչապետն է ասել՝ անհարգալից վերաբերմունքի համար, ենթարկել պատասխանատվության։

– Դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ենթադրում է ոչ թե վարչական, այլ քրեական պատասխանատվություն, որն ամրագրված է Քրեական օրենսգրքի 311 հոդվածով, ինչը նախատեսում է ընդհուպ մինչև ազատազրկում՝ մեկ տարի ժամկետով։ Հետևաբար՝ տվյալ արարքին պետք է տրվի իրավական գնահատական, այն առումով, թե արդյո՞ք որևէ սենյակի անկյունում դրված դրոշն անարգանք է պետական խորհրդանիշի նկատմամբ։ Եթե իրավասու մարմինները կհանգեն հետևության, որ պետական խորհրդանիշը սենյակի անկյունում դնելն անարգանք է, ապա, բնականաբար, անընդունելի է, որ խորհրդանիշի նկատմամբ նման վերաբերմունք են դրսևորում։ Անկախ այն հանգամանքից, թե ով է, պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ես մի քիչ վերապահում ունեմ, որ դա կարող է դիտարկվել՝ որպես եռագույնի անարգում։

– Մաքսատան աշխատակիցը, որին վարչապետը հրահանգեց ազատման դիմում գրել և գնալ, կարո՞ղ է իր աշխատանքային իրավունքները պաշտպանել դատարանում, այս դեպքում նա ի՞նչ իրավունքներ ունի։

– Միանշանակ կարող է պաշտպանել, եթե տվյալ սենյակի աշխատողներն ազատվեն աշխատանքից, նրանք կարող են դիմել դատական պաշտպանության՝ իրենց խախտված իրավունքների վերականգնման համար, քանի որ մաքսատան աշխատողին ազատողը վարչապետ Փաշինյանը չէ, ազատողը նրան նշանակող անձն է։ Հետևաբար՝ այդ նշանակողը չի կարող ասել, քանի որ վարչապետն է հանձնարարել, ապա պետք է աշխատողին հեռացնի։ Տվյալ անձը պետք է կոնկրետ հղում կատարի կա՛մ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի որևէ դրույթին, կա՛մ Աշխատանքային օրենսգրքին։ Բայց այստեղ հետևյալ խնդիրը կա, վարչապետն այդ աշխատողին ասաց՝ «դիմում կգրես և կգնաս»։ Ցանկացած պետական աշխատող ազատման դիմում պետք է գրի սեփական նախաձեռնությամբ, այսինքն՝ մարդը կամավոր հիմունքով պետք է դիմում գրի՝ աշխատանքից ազատվելու համար։ Եթե այդ դիմումն ինքնակամ չի գրվում, ապա առաջանում է իրավաչափ վարչարարության խնդիր։

– Ձեր կարծիքով՝ այս ամենը կարո՞ղ է նախադեպ լինել՝ երկրում նման երևույթների շարունակականության համար։

– Կարող է նախադեպ լինել կամ չլինել, բայց մենք պետք է գործ ունենանք կոնկրետ փաստի հետ։ Մենք դեռևս չգիտենք՝ այդ աշխատակիցները կհեռացվե՞ն աշխատանքից, թե՞ ոչ։ Մենք գործ ունենք կոնկրետ վարչարարության հետ, որի իրավաչափության հստակ գնահատականը կարող է տալ դատարանը։ Եթե այդ աշխատակիցները հեռացվեն, նրանք կարող են դիմել դատարան, որն էլ կորոշի՝ աշխատանքից ազատելն իրավաչա՞փ է, թե՞ ոչ։

Զվարթ Խաչատրյան  

Աղբյուրը` https://168.am/2019/04/10/1107307.html