Քաղաքացիական համազգեստով քաղաքացիները, որոնք տարբերվում էին ակցիայի մասնակիցներից, հարվածներ էին հասցնում նրանց. Դավիթ Սանասարյանը ցուցմունք տվեց Անդրիաս Ղուկասյանի գործով

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը վկայի կարգավիճակով  ցուցմունք տվեց Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով

Նա նշեց, որ ամբաստանյալին՝ Անդրեաս Ղուկասյանին ճանաչում է, իրենց մեջ թշնամություն չկա: Նրա խոսքով՝ իրենք պայքարակից ընկերներ են:

Սանասարյանը համառոտ պատմեց, թե 2016 թվականի հուլիսի 29-ին ինչ է տեղի ունեցել:

«Այդ օրը ազատության  հրապարակում հերթական հավաքն էր, ելույթ ենք ունեցել մի քանիսս և շարժվել ենք Խորենացի փողոց: Ճանապարհին ինֆորմացիա ենք ունեցել, որ այլ գործողություններ են իրականացվում ՊՊԾ տարածքում, փորձել ենք լինել տարածքին ավելի մոտ, որպեսզի մեր ներկայությամբ կանխենք հնարավոր բացասական հետևանքները: Տեղում, երբ մի քանի քաղաքացիներ փորձել են իջնել ՊՊԾ գնդի տարածք, ես և իմ գործընկերներն արել ենք ամեն ինչ, որ կանխենք դա»,- ասաց նա:

Ըստ Սանասարյանի՝ ակցիայի այն մասնակցիները, որոնք կոչ էին անում իջնել գնդի տարածք, որոշակիորեն տարբերվում էին հավաքի մյուս մասնակիցներից համապատասխան կազմավածքով, հագուստներով:

«Նրանք եկան և ասացին, որ պետք է իջնեն ներքև, նրանց ձեռքում կային այլ միջոցներ: Ես նրանց հետևից վազել եմ, նրանց կոչ եմ արել հետ գալ: Նրանցից ոմանք հայհոյում էին, մեզ ասում, թե չենք հասկանում գործից, պետք է գնալ: Մեր հավաքի մասնակիցներից մի քանիսը, չհասկանալով, թե ինչ ծուղակի մեջ են ընկնում, վազեցին դեպի ներքև: Հասկացա, որ չեմ կարող նրանց հետ բերել, ներքևում էլ վտանգավոր վիճակ է: Շրջվեցի և վերադարձա այն հատված, որտեղ քաղաքացիները հավաքվքած են»,- հիշեց Սանասարյանը:

Ապա նա ասաց, որ լսել է մի քանի ելույթ:

«Արմեն Մարտիրոսյանի ու Անդրեաս Ղուկասյանի ելույթն եմ լսել, մոտավորապես հիշում եմ նրանց ելույթները: Անդրեաս Ղուկասյանն ասում էր՝ նրանց ուզածը կլինի, եթե մենք իջնենք ներքև»,- ասաց նա:

Ըստ Դավիթ Սանասարյանի՝ դրանից հետո իրեն մոտեցել են քաղաքացիներ, ասել են, որ ներքևից քարով խփում են:

«Ես մոտեցա, որ հասկանամ՝ ճի՞շտ է դա, թե՞ ոչ, և ինձ  վրա քար եկավ: Ես քաղաքացիներին խնդրել եմ, որևէ ձևով չպատասխանել, որից հետո եղել են խոսակցություններ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, Արմեն Մարիտրոսյանն էր բանակցում նրանց հետ: Մեզ ասել են հեռանանք, մենք էլ ասել ենք, որ այս պահին հնարավոր չէ, որովհետև լարված իրավիճակ է: Դրանից հետո ինչ տեղի ունեցավ ֆիքսվել է լրագրողների տեսախցիկներով: Ես այդ պահին օգնություն եմ ցույց տվել մի աղջկա, ում շորերը վառվում էին: Ես անձամբ եմ պատռել նրա շորերը, անձամբ եմ մեկ այլ քաղաքացու հետ հանգցրել կրակը, փորձել ենք քաղաքացիներին դուրս բերել այդտեղից: Տեսել եմ նաև այդ ընթացքում ինչպես են վերում կանգնած քաղաքացիական համազգեստով՝ իմ կողմից մատնանշված տարբերվող քաղաքացիները հարվածներ հասցնում բողոքի ակցիայի մասնակիցներին, տեսել եմ, թե ինչպես են լրագրողների վրա հարձակվում, որից հետո հորս թևը վիրավորված էր և ես շտապօգնության մեքենայով շտապ հասցրել եմ հիվանդանոց»,- նշեց նա:

Սանասարյանն ասաց, որ ինչը տպավորվել է իր մոտ այդ օրվա հետ կապված, ինքը ներկայացրեց և հավելեց, որ արդեն հիվանդանոցից իրեն բերման են ենթարկել: