Օսիպյանն ասում է ՝ պետհամարանիշերի թիթեղը հասել է Փոթի, крепитесь, запад нам поможет. Նորագավիթի մաքսատնից պետհամարանիշերի հարցով վարչապետը զանգահարեց ՀՀ ոստիկանապետին (տեսանյութ)

Նորագավիթի մաքսատանը քաղաքացին մոտեցավ ՀՀ վարչապետին և հայտնեց, որ ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ գոյություն չունի. «Ոչ ոքի չեն տրամադրում, մենք երեկ մեքենաները գրանցել ենք, ոչ մի մեքենայի պետհամարանիշ չեն տալիս, ասում են՝ թիթեղ չունենք»,-ասաց քաղաքացին, նշելով, որ խոսքը հայկական համարանիշի մասին է:

Վարչապետն ասաց, որ հենց այս պահին կճշտի և զանգահարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին. «Պարո´ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, և մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում պետհամարանիշ չկա, որովհետև թիթեղ չկա, էս ի՞նչ պատմություն է»,-հարցրեց Փաշինյանը:

Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ պետհամարանիշերի համար նախատեսված թիթեղը, որը ներկրվում է Հայաստան, արդեն դուրս է եկել Փոթիից, թիթեղ չկա, որովհետև  նախատեսվածից ավել մեքենա է ներկրվել:

Վարչապետի դիտարկմանը, թե պետք էր կանխատեսել, Օսիպյանն ասաց, թե գերազանցել է   անգամ իրենց կանխատեսած թիվը: «Դե արագացրեք»,-ասաց վարչապետը:

Հեռախոսազրույցից հետո ՊԵԿ աշխատակիցն ասաց, որ այս տարվա ապրիլ ամսվա սկզբին մոտ 70 տոկոսով ավելի մեքենա է մաքսազերծվել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:

«Օսիպյանն ասում է, որ կանխատեսել են, բայց կանխատեսածից ավելի է եղել, հիմա թիթեղը հասել է Փոթի, Փոթիից գալիս է Երևան, ասում է՝ крепитесь, запад нам поможет»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանության լրատվական վարչությունը պարզաբանում էր տարածել պետհամարանիշերի վերաբերյալ, նշելով, որ երեկ առավոտից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը:

«Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում:

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով:

Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»: