Նիկոլ Փաշինյանը մերժել է Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար անձնական երաշխիք ներկայացնելու առաջարկը. բողոքի ակցիան դադարեցվեց

Պարոն վարչապետն իր օգնականի միջոցով հայտնեց, որ չի կարող նման միջնորդություն ներկայացնել, այսինքն` անձնական երաշխիք չի կարող տալ, որ «Սպայկայի» տնօրենն ազատ արձակվի. այս մասին հայտարարեց «Սպայկայի» զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը կառավարության մոտ ակցիա անող աշխատակիցներին:

«Դա վարչապետի ցանկությունն է, մենք տարբեր հարցեր ենք այսօր հնչեցրել, մենք կարող ենք ամեն օր հավաքվել, մեր բողոքի ցույցն անել: Ես չգիտեմ, թե դա օրենքի տառով ոնց է կարգավորվում, չգիտեմ՝ ինչու մեր խնդրանքին այսպես արձագանքեց, բայց դա իր ցանկությունն է, գուցե կա նման պատճառ: Մենք գործ ունենք երկրի ղեկավարի հետ, պետք է պատասխանատու կերպով վերաբերվել ցանկացած որոշման, եթե նույնիսկ այդ որոշումը մեզ չի բավարարում, մենք հարգում ենք նրա որոշումը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ  հարգում է վարչապետի ցանկացած որոշում, բայց բավարարված չէ այդ որոշումից: «Մենք միասին կորոշենք, բողոքի տարբեր ակցիաներ կիրականացնենք և մեր պահանջները կներկայացնենք, մենք մեզ իրավունք չենք վերապահելու խաթարել հասարակական կարգը, վնասել մեր երկրի առանց այդ էլ վնասված տնտեսությանը, մենք փորձելու ենք մեր ներուժը դնել, որ այդ վնասները քիչ լինեն: Անխուսափելի, անդառնալի վնասներ են լինելու մեր ընկերության, մեր երկրի համար: Բայց թող պարզեն, թե ինչու այդպես եղավ: Ես հավատում եմ, որ մեր երկրի ղեկավարը գիտակցում է մեր բարձրացրած «ինչու»-ներով հարցերը»,- ասաց Կարեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ այսօր իրենք հասել են նրան, որ բոլորը հասկանում են՝ կան «ինչու»-ներ, որոնք անպատասխան են: «Եթե մենք փորձենք այսօր ավելին անել, դա ի վնաս մեզ է լինելու, մենք գիտակից մարդիկ ենք բոլորս և մեզ համար հեշտ է հավաքվել, բողոքել: Մենք էմոցիաների մեջ հիմա չպիտի ընկնենք, շատ մեծ աշխատանք ունենք անելու: Ընկերության ղեկավարումը ստանձնելը սարսափելի դժվար գործ է, մենք գիտենք ինչ պետք է անել»,- նշեց նա:

Նա, դիմելով բողոքի դուրս եկած աշխատակիցներին, նշեց, որ  ընկերության ղեկավարությունը պետք է խորհրդակցի իրավաբանների հետ:  «Մենք չգիտենք, թե ներսում ինչ է եղել, որ նման որոշում է  կայացվել: Բոլոր քննարկումներն անելուց հետո կտեղեկացնենք ձեզ, մեր ընկերության ղեկավարումը վստահելի ձեռքերում է, մինչև որ Դավիթ Ղազարյանը նորից դուրս կգա»,- ասաց նա:

Բողոքի ակցիան դադարեցվեց:

14:19

Կառավարության առջև բողոքող «Սպայկա» ընկերության աշխատակիցների հետ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:

Նա ցուցարարներին փոխանցեց կատարվողի մասին Նիկոլ Փաշինյանի կարծիքը: Ըստ Սարգսյանի՝ Փաշինյանն իրենց ասել է փոխանցել ցուցարարներին, որ վարչապետը չի կարող միջամտել քրեական գործերի ընթացքին, և այս գործն էլ բացառություն չէ:

Նաիրի Սարգսյանն ասաց, թե ինքը վարչապետին կփոխանցի ցուցարարների պահանջը: «Մեզ համար առաջնային խնդիրը մեկ րոպե առաջ իրավական դաշտի բոլոր պահանջներին համապատասխան պարոն Ղազարյանի կալանավորումը չեղյալ հայտարարելն է, մենք ենթադրում ենք, որ դա հնարավոր է պաշտոնատար անձանց կողմից անձնական երաշխիքի միջոցով»,- ասաց Կարեն Բաղդասարյանը և հավելեց. «Մեր պահանջն է, որ վարչապետն անձամբ երաշխավորի, որ Դավիթ Ղազարյանն ազատ արձակվի: Մենք խնդրում ենք, որ իր անձնական երաշխիքով դատարանն ազատ արձակի կամ չեղյալ հայտարարի կալանքի որոշումը: Դա է մեր պահանջը»:

Բաղդասարյանը հավելեց, որ իրենք դատական գործի միջամտություն չեն պահանջում վարչապետից:

«Շատ լավ, ես փոխանցեցի վարչապետի տեսակետը, որ չի կարող միջամտել քրգործի ընթացքին, ձեր պահանջն էլ բառացի կփոխանցեմ վարչապետին»,- ասաց Նաիրի Սարգսյանը:

«Սպայկայի» աշխատակիցներից մեկն էլ ասաց. «Դուք մեր ընտրած վարչապետին փոխանցեք, որ եթե ինքը համոզված է քրեական գործի ռեալության մեջ, ապա չարաչար սխալվում է»:

14:09

«Սպայկային» մեղադրում են այն բանում, թե ստեղծել է մի մեծ կազմակերպություն, որը ճնշում է փոքրերին, պաշտոնապես հայտարարում եմ՝ արտասահմանյան շուկաներում շատ տեղ կա բոլորի համար, հնարավոր չէ շուկա փակել արտասահմանում, ինչը վերագրում են մեզ: Ով նման բան է ասում, նա չի հասկանում, որ դա անհնար է. Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:

«Այստեղ նստած, չեն հասկանում, թե ոնց են աշխատում դրսի շուկաները: Այս գիշեր Ռուսաստանի ամենամեծ խանութների ցանցի ղեկավարությունը ժամանում է Հայաստան՝ պարոն Ղազարյանի հետ հանդիպման, պատասխանեք՝ ի՞նչ ասենք այդ մարդկանց: Տարիներ շարունակ մեզ հետ աշխատում են, հայկական անկյուններ են ուզում սարքեն իրենց խանութներում բոլոր ապրանքների համար: Գալիս են բանակցությունների, ի՞նչ պատասխանենք: Կարող եմ վաղը բերել ձեզ մոտ, եթե պատրաստ եք ընդունելու, դուք այս հարցերի պատասխանն իրենց տվեք»,- ասաց Բաղդասարյանը՝ դիմելով կառավարությանը:

Նա հավելեց, որ նման կազմակերպությունների հետ զանգելով չի լինում խոսել, դա տարիների աշխատանք է, իսկ այսօր այդ ամեն ինչը ջուրն է լցվում:

Ցուցարարները շարունակում են հանդիպում պահանջել վարչապետի հետ:

13:53

«Սպայկա» ընկերության աշխատակիցներն այս պահին իրենց բողոքի ակցիան շարունակում են կառավարության առջև:

Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրանց պահանջն է նաև ազատ թողնել «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հայտարարեց, որ պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր տեղակալներին կամ օգնականներին ուղարկի իրենց հետ հանդիպման:

«Ես նրանց բոլորին ճանաչում եմ, պետք չէ նրանց ուղարկել այստեղ»,- ասաց Բաղդասարյանը:

Աշխատակիցները նշում են, որ իրենց հարցը կարող է լուծել միայն Նիկոլ Փաշինյանը: «Մենք ապացուցելու ենք, որ մենք ճիշտ ենք: Դուք չեք կարող Դավիթ Ղազարյանի փոխարեն ուրիշ մարդ բերել դնել այս ընկերության ղեկին, որ աշխատի, այդպես չի լինի: Իջեք և իրականության հետ հաշվի նստեք»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Հիմա ցուցարարները վանկարկում են. «Նիկոլ, Նիկոլ, պահանջում ենք Նիկոլին»: Նրանք հավաստիացնում են, որ չեն գնա այդտեղից: Աշխատակիցներից մեկը նշեց, որ եթե պետք լինի, կգիշերեն կառավարության առջև:

11:50

Ինքնաբուխ ակցիաներ կարելի է իրականացնել 6 ժամ տևողությամբ. այս մասին Կենտրոնի դատարանի դիմաց ակցիայի ժամանակ ասաց Կարեն Բաղդասարյանը:

«Որպեսզի մենք օրենքը չխախտենք, Ոստիկանությանը հայտնում եք, որ դադարեցնում ենք ակցիան այստեղ և քայլերթով շարունակում ենք դեպի կառավարության շենք»,- ասաց Բաղադասարյանը:

Աշխատակցիները ոստիկաններին խնդրեցին ուղեկցել իրենց:

Այս պահին ոստիկանների ուղեկցությամբ նրանք շարժվում են կառավարության շենքի մոտ, նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

11:48

«Սպայկայի» աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան Կենտրոնի դատարանի մոտ:

Նրանք պնդում են, որ իրենց ակցիան քաղաքական պայքար չէ, հացի պայքար է:

«Այստեղ հավաքվածները բոլորն ընտանիք են պահում: Փաշինյանին կանչեք: Ինքը հազար հատ աշխատատեղ մեկ տարում չի ստեղծել, այս մարդիկ 2-3 հազար հատ են ստեղծել, թող ինքը մի հատ սենց  ընկերություն կառավարի, հետո  նոր գնա վարչապետ: Ի՞նչ վարչապետ: Հիմա, որ գյուղացիների մթերքը չտանեն, ո՞վ է տանելու, Փաշինյա՞նը»,- ասաց ընկերության վարորդներից մեկը:

Դիտարկմանը՝ ասում են 7 մլրդ հարկեր չի մուծել, աշխատակիցներից մեկն ասաց. «Սուտ է, վաղը ՊԵԿ-ն էլի իր աշխատողներին պետք է պարգևավճար տա: Ինչի՞, միայն «Սպայկա՞ն» է պարտք, լիքը ընկերություն կա, որ պարտք է, բա ինչի՞ չեն բերում պատասխանատվության, որովհետև այս ամենը խաղ է»,- նշեց նա:

Մեկ այլ աշխատակից էլ հավելեց, որ ինչ-որ մեկի պահանջն են կատարում, բայց չգիտեն, թե ում:  «Սա նշանակում է, որ չեն ուզում Հայաստանի գյուղմթերքը հանենք շուկա, ուզում են՝ մեր գյուղացիների մթերքը մնա տեղում»,- ասաց նա:

12:25

Կարեն Բաղդասարյանը  հայտնեց, որ «Սպայկայի» բերման ենթարկված բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել:

«Մեր աշխատակիցներից Գարիկ Սարգսյանը մարմնական վնասվածք է ստացել և հիմա Հանրապետական հիվանդանոցում է, նրա առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասաց նա:

12:24

«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:

«Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- նշեց փաստաբանը:

12:23

«Սպայկա» ընեկրության տնօրեն Դավիթ Ղազարյանին տեղափոխող մեքենայի հեռանալուց հետո ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հանդես եկավ ելույթով և բողոքի ակցիա իրականացնող ընկերության աշխատակիցներին ասաց, որ ոստիկանները ասում են, թե իրենց մեջ խմած մարդիկ կան:

«Ուզում եմ ասել, որ նման բան չկա: Եթե խմած մարդ կա, ապա այստեղ անելիք չունի»,- ասաց նա:

Բաղդասարյանը կոչ արեց, որ ցուցարարները իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն չիրականացնեն: «Ես բոլորիդ զգացմունքները հասկանում եմ, բայց մի անգամ էլ եմ կոչ անում՝ խոհեմություն ցուցաբերեք, սա հակաօրինական բնույթ կրող ակցիա չէ, խնդրում եմ ՝ իրավապահ մարմինների նկատմամբ որևէ տեսակի ուժ չկիրառել: Այն բոլոր մարդիկ, ովքեր ոչ իրավաչափ գործողություններ կիրականացնեն, «Սպայկայի» հետ կապ չունեն: Մենք ճանապարհ չենք փակում, մենք բռնություն չենք կատարում, բոլոր պրովակատորները մեզ հետ կապ չունեն»,- ասաց Կարեն Բաղդասարյանը:

Բաղդասարյանը հայտնեց, որ «Սպայկայի» աշխատակցիներ են բերման ենթարկվել, սակայն տեղեկություն չունի, թե քանի հոգի: Միևնույն ժամանակ նա ասաց, որ դա իրավաչափ գործընթաց է և անհանգստանալու բան չկա: Նա նշեց, որ քիչ հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ կարձակվեն:

«Սա բաց մնացած հարցերի պատասխանները ստանալու համար պայքար է: Մենք պահանջում ենք մեր բաց մնացած հարցերի պատասխանը լսել»,- ասաց նա:

Ցուցարարները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա իրենց մոտ և իրենց հարցերին պատասխան տա:

Աշխատակիցները պնդում են, որ ՊԵԿ-ի մեղադրանքը կեղծ է, նրանք նշում են, որ այսքանից հետո ոչ ոք ներդրում չի ցանկանա ներդրում կատարել Հայստանում:

12:15

«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:

«Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Ղազարյանը դեռևս ցուցմունք չի տվել, նա հայտարարում է, որ եթե կա որևէ պարտավորություն օրենքի սահմաններում, ինքը պատրաստ է կատարել:

«Կալանավորման համար հիմք է հանդիսանում այն, որ Ղազարյանը կարող էր ազդեցություն ունենալ մարդկանց վրա իր օգտին ցուցմունք տալու առումով»,- նշեց Սարդարյանը:

Նրա խոսքով՝ Դավիթ Ղազարյանի դեմ որևէ ցուցմունք չի եղել, միայն փորձագետի մեկ եզրակացություն, ինչի մասին «Սպայկա»-ի տնօրենն ու պաշտպանական խումբը տեղյակ չեն եղել:

«Երեք օրվա ընթացքում, ինչն աննախադեպ է մեր պրակտիկայում, եզրակացություն է տրվել, որ իրականացվել է հաշվապահական փորձաքննություն ու որոշվել է հարկերի չափը: Այդ կարճ ժամանակահատվածում որոշվել է 7 մլրդ ՀՀ դրամ հարկ՝ առանց հարկատուին մասնակից դարձնելու»,- շեշտեց Կարեն Սարդարյանը:

Նրա պնդմամբ՝ իրենք նաև միջնորդություն են ներկայացրել, որպեսզի պաշտպանական խմբի մասնակցությամբ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակվի:

«Դրա արդյունքում գոյացած գումարը մենք պատրաստ ենք վճարել: Դեռևս այդ միջնորդության պատասխանը չենք ստացել»,- եզրափակեց Սարդարյանը:

11:45

Ի վերջո ոստիկաններին հաջողվեց «Սպայկա» ընկերությքան տնօրենին տեղափոխող մեքենան դուրս բերել ցուցարարների շրջափակումից: Ղազարյանը դատարանից տեղափոխվում է կալանավայր:

Իրավիճակը մի փոքր հանդարտվեց: Ցուցարարները կրկին հավաքվեցին դատարանի դիմաց:
Դավիթ Ղազարյանի պաշտպաններն էլ հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել Ղազարյանին կալանավորելու որոշումը:

11:40

Մեքենան դուրս եկավ դատարանի բակից, այն հիմա Տիգրան Մեծ պողոտայում է, սակայն այստեղ էլ ցուցարարները չեն ընկրկում: Ոստիկաններին  ոչ մի կերպ չի հաջողվում Դավիթ Ղազարյանին դատարանից կալանավայր տեղափոխել:

Ոստիկանների թիվն ավելացել է: Մեքենան բավականին հեռացել է դատարանից: Ցուցարարները փորձում են կանգնեցնել մեքենան, ինչի հետևանքով քաշքշուկ է սկսվել: Ղազարյանի ազատության համար պայքարող քաղաքացիները պառկել են մեքենայի դիմաց, որ նա չտեղափոխվի կալանավայր:

11:30

Կենտրոնի դատարանի մոտ լարված իրավիճակ է սկսվել:

Այս պահին Կենտրոն դատարանից ոստիկանները փորձում են Դավիթ Ղազարյանին տեղափոխել կալանավայր: Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները փակել են մեքենայի ճանապարհը: Նրանք վանկարկում են, «ամոթ, ամոթ»:

Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջև:

11:30

 

Կենտրոնի դատարանի մոտ շարունակվում է «Սպայկա» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան ի պաշտպանություն ընկերության կալանավորված տնօրեն Դավիթ Ղազարյանի:

Ընկերության վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ինչո՞ւ են մեզ այսպես հացից կտրում, ուզում ենք այս հարցի պատասխանը ստանալ: Մենք գիշեր ցերեկ չենք քնում, աշխատում ենք, որ այդ միրգը, բանջարեղենը ժամանակին հասցնենք տեղ, հասցնում ենք ռուսի հետ կռիվ տալով: Ինչո՞ւ մեկ անգամ ՊԵԿ-ը չեկավ` նստի վարորդի կողքին, ասի՝ ընկեր վարորդ, ի՞նչ աշխատանքով ես այս ապրանքը տեղ հասցնում»:

Մեկ այլ վարորդ էլ հավելեց, թե նրանք ոչ ոքի մասին չեն մտածում, Ղազարյան Դավիթն իր վարորդի մասին մտածում է: «Նա վարորդի կողքին է, ես առանց խնդրի գնում, գալիս եմ, մյուս վարորդները խնդիր են ունենում, թող այդ հարցերը լուծեն, ոչ թե աշխատող ընկերությունը քանդեն»,- ասաց նա և հավելեց. «Ես Փաշինյանի կողքը կանգնածներից մեկն եմ եղել, բայց ես այսօր զղջում եմ, որ այդպիսի բան եմ արել, որ իմ հացը կտրել է, այսքան մարդու հացը չի կարող կտրել, թող կոմպրոմիսի գան: Ես բանկում վարկ ունեմ, ամսի 20-ն եկավ ես այդ գումարը չեմ կարողանալու տալ, Փաշինյա՞նն  է տալու»:

Աշխատակիցները հայտնեցին, որ 4-5 օր է դադարեցրել են աշխատանքը. «Շինծու տվյալներ են ներկայացրել: Չի կարող այդպիսի բան լինել, միանշանակ ՊԵԿ-ի մեղադրանքը կեղծ է»,- պնդեցին աշխատողները:

«Սպայկայի» աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ միջազգային վաճառքներով զբաղվող աշխատակից է և հարց ունի պետությանը. «Մեզ պատերա՞զմ  եք տանում,  թե պետությունն ու տնտեսությունը քանդելով եք ուզում, ինչ-որ բանի հասնել: Ներքին արտահանումները, դրսից ապրանքների ներկրումը, դուք չեք պատկերացնում ինչ քանակությամբ ապրանք է բերվում «Սպայկայի» միջոցով, եթե այդ ամենը չլինի, մթերումները չլինեն, ինչո՞վ եք ապրելու: Դուբայում ապրանքներ են ներկայացված եղել, բոլոր պետություններն իրենք են իրենց ֆինանսավորմամբ ներկայացրել իրենց ապրանքները, Հայաստանի ապրանքները ներկայացված են եղել «Սպայկայի» կողմից: Սա ես պատերազմ եմ համարում, էսքան մարդու հաց ո՞նց եք կտրում»,- ասաց նա:

11:15

«Սպայկա» ընկերության աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան Կենտրոնի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև: Նրանք պնդում են՝ մինչև չհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդտեղից չեն հեռանա:

Նշենք, որ դատարանը որոշում է կայացրել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը:

«Ակնհայտ անարդարությունը ցույց է տալիս, թե ժողովրդական հեղափոխության արդյունքում ինչպիսի պատեհապաշտ, պետական մտածողությունից զուրկ մարդիկ են սողոսկել պետական կառավարման համակարգ»,- ասաց ընկերության աշխատակիցներից մեկը:

Աշխատակիցները նշում են, որ իրենց ակցիան քաղաքական չէ:

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը նշեց, որ այս ամենի կազմակերպիչները չեն հասկանում, թե ինչ վնաս են հասցնում տնտեսությանը:

«Մենք ամեն կերպ սատարելու ենք Դավիթ Ղազարյանին, նրա իրավունքների պաշտպանությանը: 2011-2019-ին Դավիթ Ղազարյանն ու այս ընկերությունը շատ դժվար ճանապարհ են անցել»,-ասաց Կարեն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Ղազարյանն իր շուրջը համախմբել է հազարավոր աշխատակիցների, որոնց նույնպես ոչ ոք չի կարող վախեցնել: «Մենք հաղթելու ենք, դրանում բոլորդ համոզված եղեք: Այն, ինչի միջով մենք ժամանակին անցել ենք, ավելի բարդ է եղել: Ուղղակի խորն է  հիասթափությունը, որ հնարավորություն չեն տալիս արարել այս նոր Հայաստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ ընկերության ապագան վտանգված է տնօրենի կալանավորմամբ:

«Նույնիսկ եթե մեկ օր հետո նրան բաց թողնեն, մեր ընկերության, Դավիթ Ղազարյանի հեղինակությանը հասցվեց անդառնալի վնաս: Այդ վնասը ոչ ոք չի փոխհատուցելու, բայց մենք պահանջելու ենք այդ վնասի փոխհատուցումը, որովհետև վնաս է հասցվել և մեր ընկերությանը, և մեր երկրին: Կառավարության կողմից հաստատված ծրագիրը խաթարվեց»,-ասաց նա:

10:30

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Այս պահին Կենտրոնի դատարանի առջև բողոքի ակցիա է ընթանում: Քաղաքացիները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք գտնում են, որ դատարանն անարդար որոշում է կայացրել և արդարություն են պահանջում:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Դավիթ Ղազարյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»:

Նա նշել էր, որ ներկայացրած 7 մլրդ դրամի պահանջը շինծու է և դա գնահատում է որպես  ՊԵԿ-ի կողմից հետապնդում է «Սպայկա»–ի նկատմամբ:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/04/08/Davit-ghazaryan/2967622?fbclid=IwAR0S3tdRnsT0Wq9hkvZlIQ05ajWKHxGmy7YLdtrykrGeYvBwrVjaQZGjF0Q