Սա ՊԵԿ-ի կողմից հետապնդում է «Սպայկա»–ի նկատմամբ, ներկայացված 7 մլրդ դրամի պահանջը շինծու թիվ է. «Սպայկա»-ի տնօրեն

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ում Պետական եկամուտների կոմիտեն մեղադրանք է առաջադրել ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ մեղադրանքին՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»:

«Այդ 7 մլրդ թիվն ինչի՞ց է բաղկացած։ 5,5 մլրդն ավելացված արժեքի հարկն է, այդ ապրանքը եկել և գնացել է ԵԱՏՄ: Այս շինծու թիվը՝ 7 մլրդը, իրավաբանությանը չի համապատասխանում: Ապօրինաբար են «Գրին պրոդուկտը» բերել և կապել «Սպայկայի» հետ։ Քանի որ «Գրին պրոդուկտ»–ով վճարող չկա, դրա համար «Սպայկայի» հետ են փոխկապակցում, որ այդ գումարը կորզեն»,- ասաց նա և պատմեց, որ պարբերաբար փորձել է հանդիպում կազմակերպել ՊԵԿ նախագահի հետ, սակայն չի հաջողվել:

Դավիթ Ղազարյաննը նաև նշեց, որ այս քրեական հետապնդման պատճառով Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է ֆինանսավորումը, որով նախատեսել էին 100 մլն դոլարի ներդրում անել և 1000 աշխատատեղ ստեղծել:

«Այս տարվա ծրագրի մեջ ունեինք 100 մլն դոլարի ներդրում, որը նոյեմբերին պետք է ստեղծեր 1000 աշխատատեղ՝ միջինը 250,000 դրամ աշխատավարձով: Մինչև նոյեմբեր մոտ 500 մարդ զբաղված էր լինելու շինարարական աշխատանքով»,- ասաց նա և նշեց, որ Եվրասիական զարգացման բանկի կողմից երեկ իրեն զանգել և հայտնել են, որ ժամանակավորապես դադարեցնում են այդ ֆինանսավորումը՝ կապված ՊԵԿ քրեական հետապնդման հետ:

«Ընկերությունը 250 միլիոն դոլարի ներդրում է արել մինչև այսօր»,- ասաց նա և նշեց, որ 2018–ին իրականացված ծրագրերը միասին կազմել են 80-90 միլիոն դոլար, այս տարի առաջին եռամսյակում կատարվել է 30 միլիոն դոլարի ներդրում:

«Սեպտեմբերին քրեական գործը կարճվել էր ՊԵԿ-ի քննչական կառույցի կողմից, երեկ ես անակնալի եկա, այսօր՝ ժամը 17:00-ին, դատարանը քննելու է կալանքի միջնորդությունը»,-ասաց նա: Ընկերության տնօրենը նշեց, որ 2018-ին 3,3 միլիարդ դրամ հարկ են վճարել, այս տարվա առաջին եռամսյակում՝ 2,3 միլիարդ դրամ, պլանավորված էր 9 ամսում վճարել մոտ 6 միլիարդ դրամ հարկ:

Դավիթ Ղազարյանը նշեց, որ ինքը՝ որպես ընկերության հիմնադիր–սեփականատեր, կոմպրոմիսի է գնացել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: «Համաձայնել եմ տալ շահութահարկի մասին ճշգրտում և ՊԵԿ-ը կարճեց այդ քրեական հետապնդումը: Ի՞նչ եք ուզում «Սպայկայից», ի՞նչ եք ամեն անգամ թիվ գրում իմ վրա, հո ես ձեր համար հանցագործ չեմ»,- ասաց նա՝ նշելով, որ ՊԵԿ-ն այսօր կանգնեցրել է 100 մլն դրամի ներդրումը, որի ֆինանսավորման համար մեկ տարի չարչարվել էր:

Նա պատմեց, որ «Սպայկայում» տեղի է ունեցել խուզարկում, ստուգում, առնվազն մեկ մեքենա փաստաթուղթ են տարել, պատճենել են «Սպայկայի» սերվերները: Դավիթ Ղազարյանը նաև նշեց, որ ինքը քննիչի հետ միշտ կապի մեջ է եղել, բաց ու թափանցիկ տրամադրել է բոլոր պահանջված փաստաթղթերը:

«Սա, բառիս բուն իմաստով, ՊԵԿ-ի հետապնդում եմ համարում «Սպայկայի» նկատմամբ, ով ոնց ուզում է՝ հասկանա»,- ասաց նա:

Խոսելով ընկերության կողմից մթերումների մասին՝ Դավիթ Ղազարյանն ասաց, որ մթերումներ ընկերությունը չի անելու։ «Աշխատանքները կշարունակվեն, բայց մթերումներ չենք իրականացնի։ Առջևում ծիրանի մթերումներն են, մենք պատրաստ չենք մթերումներ անել։ Ծիրան մթերեմ, որ տանեմ մինուսով ծախե՞մ»,– ասաց նա։

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/04/05/spayka/2966175