ՀՀ ԱԺ ամբիոնից Ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ ընդունեք որպես հավաքական կերպար: Մարդու իրավունքների թեմայով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը:
«Մենք այստեղ պարտություն ենք կերտում, թերևս մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում»,- ասաց նա:
«Հանդիսանալով հայ տրանսգենդեր անձանց համայանքի անդամ և «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահ` ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, իրավական, առողջապահական, տնտեսական և արժանապատիվ կյանքի բոլոր ոլորտներում խարանի և խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը»,- ասաց նա:
«Իրավունքի կողմ, իրավապաշտպան» ՀԿ նախագահը նշեց, որ մինչ 2018 թ-ն իրենք փաստագրել են տրանսգենդեր կանանց նկատմամբ խոշտանգման 283 դեպք, որի չնչին մասն է ոստիկանության և իրավապահ այլ մարմինների կողմից վարույթ ընդունվել:
«Իմ համոզմամբ՝ իմ և ձեր կողքին ապրում է 283 հանցագործ, և ով գիտե` 284-րդն էլ վաղը կկատարի իր բռնությունը»,- ասաց նա:
Ըստ սեռափոխված կնոջ՝ նաև իրենց հարցերով զբաղվող իրավապաշտպաններն են բռնության և հետապնդումների ենթարկվում: «Միայն մեկ ամսվա ընթացքում արձանագրվել են տրանսգենդերի կոկորդը կտրելու, դաժանաբար ծեծի ենթարկելու, բնակարանն ու անձնական գույքն այրելու դեպքեր: Մտորե՛ք պարոնայք, կոչ եմ անում ձեզ` նաև տրանսգենդերների կողմից ընտրյալներին, ձեռնամուխ լինել մարդու գենդերային հավասարությանը և առհասարակ մարդու իրավունքների ապահովվմանն ուղղված օրենսդարական բարեփոխումների իրականացմանը, իսկ մենք պատրաստ ենք ձեզ ապավինել մեր հայրենիքում ժողովրդավարության կառուցման գործում»,- ասաց նա:
Նրա ելույթից հետո դահլիճում ծափեր հնչեցին: Նիստը վարող Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը վրդովված հայտարարեց, որ նրանք իրավունք չունեին օրակարգ խախտել և նման հարց բարձրացնել ԱԺ ամբիոնից:
«Մենք ունեինք երեք թեմա քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ: Օգտվել առիթից և փորձել այս ամբինոից բարձրացնել հարց, որն այս պահին չկա մեր օրակարգում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք՝ առաջին հերթին իմ հանդեպ` որպես հանաձնաժողովի նախագահի, երկրորդ` խորհրդարանի հանդեպ: Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահատրում, մենք ունենք հստակ օրակարգ և դուք խախտել եք մեր օրակարգը»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից հետո էլ ծափեր հնչեցին: Իսկ սեռական փոքրամասնության խնդիրները ներկայացնող մի խումբ մարդիկ տեղից բարձրաձայնում էին, որ պատգամավորը խտրական վերաբերմունք է ցուցաբերում իրենց հանդեպ:
«Խտրական վերաբերմունքի խնդիր չկա, երբ ձեզ կվերաբերեր հարցը, կհրավիրեինք»,-վրդովված ասաց Նաիրա Զոհրաբյանը: