«Ֆեյքերից» ամենատուժած կուսակցությունը մենք ենք, բայց կոշտ հակահարված տալն ԱԱԾ-ի գործառույթ չէ․ Էդմոն Մարուքյան

«Ֆեյքերից» ամենատուժած կուսակցությունը, երևի, մենք ենք, բայց անհնար բան է պայքարը, լուծումը չեմ տեսնում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ին տրված հանձնարարականին՝ կապված մանիպուլյացիաներ անող «ֆեյքերին» կոշտ հակահարված տալու հետ։ Նա խնդրի լուծումն ավելի շատ տեսնում է հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացման մեջ։

«Պետք է հասարակությունն ամեն ինչին չհավատա, ինչպես նաև մեդիագրագիտությունը պետք է բարձրացվի, որ մարդիկ տեսնեն, թե որ կայքն իրենից ինչ է ներկայացնում, արդյոք պետք է հավատալ, թե ոչ։ Ամենօրյա ռեժիմով մեզ վրա աղբ է լցվում՝ կայքերով, «ֆեյքերով», թեպետ կան նաև իրական օգտատերեր»,- ասաց  Մարուքյանը։

Միևնույն ժամանակ պատգամավորը կարծում է, որ «ֆեյքերին» կոշտ հակահարված տալն ԱԱԾ-ի գործառույթ չէ։ Նրա խոսքով՝ ԱԱԾ-ի գործառույթ կլինի այն ժամանակ, երբ թշնամին փորձի մեդիա հարձակման ենթարկել ու մեդիամանիպյուլացիաների միջոցով հանրային կարծիքի վրա ազդել։

«Մարդիկ Հայաստանում կանտորաներ են պահում, որ իրենց գովեն, կամ իրենց հակառակորդներին մեդիա դաշտում ոչնչացնեն և այլ, բայց ԱԱԾ-ի գործառույթը չէ կանխարգելելը»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ԱԱԾ-ին հանձնարություն էր տվել՝ կապված մանիպուլյացիաներ անող «ֆեյքերին» կոշտ հակահարված տալու հետ։

«Հուսով եմ՝ ԱԱԾ-ն կկարողանա ապահովել արդյունքներ, և մանիպուլյացիաներ անող «ֆեյքերը» կոշտ հակահարվածներ կստանան»,- ասել էր վարչապետը։

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, ավելին, եթե գրառումների մեջ չլինի հանցակազմ, այդտեղ իրավապահները որևէ բան անելու առիթ չեն ունենա։