Կրակոցներ՝ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում. զորամասի հրամանատարին կրակող անձը բերման է ենթարկվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ նշված հասցեից հրազենային վիրավորումով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի` 1979 թվականին ծնված տղամարդը:

Կատարված քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում` շարժառիթը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1962 թվականին: Վերջինս այս պահին բերման է ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հրազենային վնասվածք ստացած անձը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։