Չեն կարողանում ապացուցել, թե ինչպես է «զինվորի բաժինը» հայտնվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում, այլապես այդ ապացույցները մեկ այլ մուլտիպլիկացիոն ֆիլմով կներկայացվեին. պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց և կարճ ժամանակ անց հետաձգվեց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքի քննությունն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը դեռևս մարտին որոշում էր կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքը: Մանվել Գրիգորյանը դատական նիստին չէր մասնակցում, քանի որ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին: Նրա խոսքով՝ տեխնիկական պատճառով դատախազը միջնորդություն ներկայացրեց հետաձգել դատական նիստը: «Դատախազը նոր էր ներգրավվում գործին, նոր էր բերել լիազորագիր: Քննիչն էլ չէր ներկայացել այն պատճառաբանությամբ, թե ծանրաբեռնված է:Մենք չառարկեցինք, որ նիստը հետաձգվի, որովհետև արհեստական խոչընդոտներ ստեղծելու ցանկություն չկա»,- ասաց Մկրտչյանը:

Հարցին՝ Մանվել Գրիգորյանի օգտին ի՞նչ հանգամանքներ կան, Մկրտչյանը նշեց, որ այն, ինչ ի սկզբանե պարզ էր, հիմա ավելի փաստարկված է: «Սոցցանցերում տարածված այն արտահայտությունը «զինվորի բաժնի» յուրացում է կատարել, այդ վարկաբեկիչ բաները սուտ են, նման բան չկա»,- ասաց Մկրտչյանը և հավելեց, որ Գրիգորյանի դեմ ոչ ցուցմունքներ կան, ոչ էլ այլ ապացույցներ:

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողները ԱԱԾ-ին ուզում են ներքաշած լինեն դատական գործի մեջ. ԱԱԾ-ն փայլուն կատարել է իր աշխատանքը, հայտնաբերել է իրեր, որոնք որ կարող են առնչություն ունենալ քրեական հանցագործության հետ: Օպերատիվ հետախուզական աշխատանքները կատարվել են պատշաճ կերպով, իսկ հետագա մեկնաբանություններն, ըստ պաշտպանական կողմի՝ այլ մեկնաբանության կարիք ունեն և պետք է գնահատվեն դատարանի կողմից: Մեր կարծիքով՝ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը հիմնազուրկ է»,- շեշտեց պաշտպանը:

Դիտարկմանը՝ շարունակում են պնդել, որ այդպես էլ չի ապացուցվում, թե ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի պատկանող տանն այդ իրերը, նա պատասխանեց. «Չեն ապացուցվում, այլապես այդ ապացույցները մեկ այլ մուլտիպլիկացիոն ֆիլմով կներկայացվեին: Ես ասում եմ՝ մենք պարտավոր ենք տարանջատել նախաքննությունը, օպերատիվ աշխատանքները և դատաքննությունը»,- նշեց նա:

Մկրտչյանը, միևնույն ժամանակ, նկատեց, որ իր պատասխանելու հարց չէ, թե ինչպես են այդ իրերը հայտնվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: «Ես ունեմ մի քանի պաշտպանական վարկածներ, որոնք կարող եմ դնել շրջանառության մեջ. Օրինակ՝ միտումնավոր այդտեղ է տեղադրվել»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ ընտանիքի անդամնե՞րը, նա բացասական պատասխան տվեց և հավելեց, որ ով ասես կարող էր այդ տարածքով անցնել:

Հարցին՝ Մանվել Գրիգորյանի առանձնատան մոտով ով ասես կարո՞ղ էր անցնել, նա ասաց, որ այդ իրերը առանձնատանը չեն հայտնաբերվել: «Ինչո՞ւ առանձնատան. խոսքը առանձնատան մասին չէ, ամենավախենալու, աղմկահարույց հայտարարությունները վերաբերում էին Ակնալճին»,- ասաց նա և շեշտեց, որ նախաքննությունը պետք է շահագրգռված լիներ բացահայտելու, թե ինչպես են տեղադրվել դրանք այնտեղ, կամ ում կողմից, բայց տեսանք, որ շահագրգռված չէին:

«Տպավորություն է ստեղծվում, որ կա ԶԼՄ-ների մի ստվար զանգված, որոնք միավորված են մեղադրանքի կողմի դիրքորոշման հետ: Վիրավորանքներ, հայհոյանքներ են սփռվում մեդիա դաշտում, կարելի է դրա դեմ պայքարել»,- ասաց նա:

Նա նշեց՝ եթե կասկածեր, որ Մանվել Գրիգորյանը կապ ունի զինվորի սննդի յուրացման հետ, չէր ստանձնի նրա պաշտպանությունը:

Հարցին՝ ո՞վ պետք է տեղադրեր դրանք այնտեղ, նա թշնամիներ ունե՞ր, Մկրտչյանը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանը  մտածում էր, որ Հայաստանում թշնամի չունի, բայց սխալվում էր: Իսկ չուզողներ հաստատ կլինեն: Նա ինձ հետ չի կիսվել կասկածով, թե ինչպես կարող էին դրանք հայտնվել իրեն պատկանող տանը: Եթե նախաքննությունը ցանկանար բացահայտել, թե ովքեր են բերել դրել, կբացահայտեր»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/04/04/Grigoryan/2965195