Իսրայելն օրինակ է ցույց տալիս Հայաստանին

Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտնի հայտարարությունից հետո Իսրայելն արդեն իսկ մշակել է այդ տարածքների զարգացման ծրագիր, որը ենթադրում է ավելացնել բնակչությունը և հասցնել մոտ քառորդ միլիոնի, ստեղծել նոր քաղաքներ, նոր ենթակառուցվածքներ և այլն: Այլ կերպ ասած, Իսրայելն արդեն իսկ ձեռնամուխ է լինում վերաբնակեցման քաղաքականության: Անշուշտ, միամիտ է կարծել, որ ծրագիրը մշակվել է նոր, սակայն սա արդեն կարևոր չէ: Կարևոր է մոտեցումը, որը պետք է օրինակ լինի նաև Հայաստանի, հայկական կողմի համար՝ արցախյան հարցում:

Թրամփի հայտարարությունից հետո հայաստանյան փորձագիտական դաշտն արձանագրեց, որ սա որոշակի նախադեպային խաղաքարտեր է տալիս հայկական դիվանագիտությանը, որն ուղիղ և բաց օգտագործելը դժվար պատկերացնելի է, սակայն որը հնարավոր է կիրառել դիվանագիտական խոհանոցում: Սրան հաջորդում է մեկ այլ «նախադեպ» Հայաստանի համար՝ վերաբնակեցումը: Այս դեպքում չակերտներով, քանի որ, խոշոր հաշվով, վերաբնակեցման մասին Հայաստանում և Արցախում խոսում են վաղուց, սակայն գործնական առումով վերաբնակեցում տեղի է ունեցել միայն Լաչինում ու Քարվաճառում, այն էլ, մեծ հաշվով, ոչ բավարար արդյունավետությամբ և ռազմավարությամբ: Միևնույն ժամանակ, խնդիրը ամբողջական հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների, այդ թվում՝ Արաքսի հովտի վերաբնակեցումն է, որը անցնող քառորդ դարում փաստորեն եղել է լիովին բարձիթողի վիճակում: Թե ինչու, մնում է միայն ենթադրել: Ավելին, աղաղակող էր, երբ հայկական կողմը 2004 թվականին հպարտանում էր ԵԱՀԿ մոնիթորինգի խմբի առաջ, թե չի վերաբնակեցրել տարածքները, երբ խումբն Ադրբեջանի պահանջով իրականացնում էր հենց այդ հարցի մոնիթորինգ: Սա, իհարկե, ընդհանուր առմամբ քառորդ դարի անհամարժեք քաղաքականության հետևանքն էր, որը ցավալիորեն պայթեց Ապրիլյան պատերազմում:

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Արաքսի հովտում արեց հայտնի հայտարարությունը, այդ թվում՝ վերաբնակեցման մասին: Սա աննախադեպ էր այն իմաստով, որ հնչում էր մինչ այդ նույնիսկ մոտ կալիբրով այդպիսի հայտարարության բացակայության պայմաններում: Սա արդեն իսկ նշանակալի իրողություն է, սակայն շատ կարևոր է, որ այդ խոսքը հնարավորինս արագ սկսի վերածվել առարկայական գործի, ինչը չափազանց կարևոր գործոն է լինելու նաև հայկական արտաքին քաղաքականության դիրքերի տեսանկյունից: Անկասկած է, որ կա անհրաժեշտ ներուժ, որը հնարավոր է մոբիլիզացնել քաղաքական կամքի առկայության պայմաններում: Իսկ կամքի մասին վկայեց հենց Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որն այժմ պահանջում է գործով շարունակություն:

Աղբյուրը` https://www.1in.am/2535372.html