Բոլթոնի առաջարկն ու հայկական զինուժի նոր ռազմավարությունը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Նյու Յորքում արած հայտարարությունը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի մասին, որը, ըստ նրա՝ հայկական զինուժին առաջնորդող սկզբունքն է, և որի համար քաղաքական պետական պատասխանատվությունը ստանձնեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշակիորեն ստվերում թողեց նրա ամերիկյան այցն ընդհանրապես: Այցը ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների առիթով էր, սակայն Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել նաև ամերիկյան կողմի հետ, երկկողմ գործակցության թեմայով: Մասնավորապես, նա հանդիպել էր Կանզասի նահանգապետին, նաև Կանզասի Ազգային գվարդիայի հրամկազմի ներկայացուցիչներին:

Հայկական զինուժն ու Կանզասի Ազգային գվարդիան գործակցում են արդեն 15 տարի: Միաժամանակ ակնառու է, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը առիթ և հնարավորություն է խորացնել հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը, ինչն ունի չափազանց կարևոր նշանակություն թե՛ Հայաստանի անվտանգային խնդիրների, թե՛ ընդհանրապես Կովկասի ռեգիոնալ անվտանգության համար: Դեռևս հունվարին Վաշինգտոնում հայկական բանակի ստեղծման առիթով դեսպանատան կազմակերպած միջոցառմանը մասնակցող Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան՝ փոխնախարարի օգնականը, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է քննարկել հայ-ամերիկյան ռազմական հարաբերության խորացումը և դա կանի Հայաստան այցի ընթացքում՝ քննարկելով հարցը տեղում: Արդյո՞ք այցը օրակարգում է, թե՞ պլանները խառնվել են:

Համենայնդեպս, առայժմ այդ մասին խոսակցություն չկա: Իհարկե այդ ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի մարդասիրական առաքելության մեկնարկը Սիրիայում, որը հարցեր առաջացրեց ԱՄՆ-ի մոտ:

Հայաստանի ղեկավարությունը պարզաբանումներ է ներկայացրել այդ առաքելության կապակցությամբ, իսկ պաշտպանության նախարար Տոնոյանն ԱՄՆ այցի ընթացքում ակնարկել է բավականին թափանցիկ կերպով, որ Հայաստանի առաքելությունն ինքնիշխան առաքելություն է, ու Երևանը պատրաստ է մարդասիրական բնույթի գործակցության Սիրիայում այլ ուժային կենտրոնների հետ: Այդ հանգամանքը հատկապես նշանակալից է ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների համաժողովի շրջանակում՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանը դրանց աշխույժ մասնակիցներից է արդեն տարիներ շարունակ, ու Երևանը գործնականում ցույց է տվել, որ միջազգային անվտանգության համակարգում պատասխանատու գործընկեր է նաև Արևմուտքի համար: Այդ համակարգում կատարելով առանցքային դեր Կովկասում անմիջականորեն մարտական առաքելության տեսքով՝ արցախյան գոտում, հայկական զինուժը ներգրավվում է նաև խաղաղապահ, մարդասիրական արտերկրյա առաքելություններում: Եվ այդ համատեքստում առնվազն տարօրինակ կարող է լինել, եթե որևէ մեկի համար ըմբռնելի չլինի Սիրիայում հայկական համայնքի առկայության պարագայում Հայաստանի մարդասիրական առաքելությունը: Ըստ այդմ, ցավալի և տարօրինակ կլինի, եթե այդ հանգամանքը ազդի հայ-ամերիկյան ռազմական գործակցության խորացման հեռանկարի վրա:

Մյուս կողմից, այդ կապակցությամբ դժգոհ հայտարարությունների բացակայությունը հուշում է, որ Երևանին հաջողվել է այդ հարցում հանել տարակույսներն ու կասկածները, թեև դա անշուշտ պետք է լինի պարբերական աշխատանքի, այսպես ասած՝ պրոֆիլակտիկայի առարկա, այդ թվում նաև որպես մեկ այլ կարևորագույն ուղղությամբ աշխատանքի հարակից նախադրյալ: Իսկ այդ առումով խոսքը դեռևս նախորդ տարի հոկտեմբերին Երևան այցի ընթացքում Ջոն Բոլթոնի հայտարարության մասին է՝ Երևանին ռազմական գնումների առաջարկի թեմայով: Դա քաղաքական հայտարարություն է, որը Երևանին տալիս է բավականին ճկուն և բազմաշերտ քաղաքական խաղի հնարավորություն՝ տարբեր, այդ թվում՝ ռազմավարական դաշնակցի ուղղությամբ: Դրա համատեքստում հատկապես ուշագրավ է դառնում այն հայտարարությունը, որ Հայաստանի զինված ուժերի նոր սկզբունքի մասին արել էր նախարար Դավիթ Տոնոյանը, դրա հարթակ ընտրելով հենց ամերիկյան այցի շրջանակը:

Աղբյուրը` https://www.1in.am/2535490.html