Թալիշը վերականգնվում, վերակառուցվում է և ավելի լավն է դառնում, քան նախկինում էր․ Թալիշի համայնքապետ

Ապրիլի 2-ն իմ ծննդյան օրն է, մինչև գիշերվա ժամը 2-ը կնոջս հետ պատրաստվում էինք ծննդյան, ինչպես ընդունված է մեզ մոտ, պետք է ընտանիքներով տոնեինք, սակայն լուսադեմին սկսվեց անսպասելին: Tert.am-ի հետ զրույցում 3 տարի առաջ այս օրը այսպես վերհիշեց Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանը:

«Կնոջս, երեխաներիս տեղափոխեցի անվտանգ տեղ: Հետո իջա համայնքապետարան և այնտեղ արդեն սկսեցի կազմակերպել բնակչության տեղահանությունը: Հետո, երբ հասկացանք, որ իրավիճակն ավելի է լրջանում, համատարած է, որոշեցինք ամբողջ բնակչությանը գյուղից հանել»,- ասաց նա:

Ըստ համայնքապետի՝ հակառակորդը հրթիռակոծում էր բնակավայրը, համայնքապետարանը: «Հրթիռակածությունը սարսափելի էր»,- ասաց նա:

Հիմա, ըստ նրա, բնակավայրը վերակագնվում է, շինարարական աշխատանքներ են ընթանում: «Հիմա բնակավայրը վերականգնվում, վերակառուցվում է և ավելի լավն է դառնում, քան նախկինում է եղել: Իհարկե, ավերածություններն այնքան էական չեն, որքան մարդկային կյանքերը»,- ասաց նա:

Այս պահին, Վիլեն Պետրոսյանի խոսքով, դեռևս ընտանիքները չեն վերադարձել իրենց բնակարաններ: «Ընտանիքներ չկան, բայց տղամարդիկ այնտեղ են, աշխատում են իրենց տան վրա, տնամերձերն են մշակում: Ընտանիքները հիմնականում գալիս են այստեղ ամռան ամիսներին՝ մինչև սեպտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով, որ դեռևս դպրոցը չի բացվել: Երեխաները Ալաշանում են հիմա դպրոց գնում, եթե Թալիշի դպրոցը բացվի, Ալաշանինը պետք է փակվի»,- ասաց նա:

Թալիշի դպրոցը, մանկապարտեզը, հանդիսությունների սրահը, համայնքապետի տեղեկացմամբ, ամեն դեպքում, շահագործման են հանձնվել: «Շատ բնակարաններ էլ արդեն ոչ միայն վերանորոգված, այլ հիմնանորոգված են, 12 շենք վերակառուցման ընթացի մեջ են, պետք է հանձնվեն հունիս-հուլիս ամիսներին»,- ասաց նա:

Թաշիլը բավականին մոտ է Ադրբեջանի հետ սահմանին: Վիլեն Պետրոսյանի խոսքով՝ դեռ կա անհանգստություն, որ բնակավայրը կարող է հայտնվել կրակի տակ: «Իհարկե, մարդիկ նաև դրանից են վախենում և հնարավոր է՝ չցանկանան վերադառնալ: Բայց իհարկե, բնակավայրի ամբողջական վերականգնման ժամանակ վերադարձողներ շատ կլինեն, որովհետև այդ մասին ցանկություն հայտնողների թիվն էլ քիչ չէ:  Պետք է ասեմ, որ այնպես չէ, որ նախկինում վտանգ չի եղել: Միշտ էլ եղել է այդ վտանգը: Մեր սենյակում  ավտոմատների կրակոցները միշտ լսվում էին»,- ասաց նա:

Համայնքապետը իր համայնքի ապագայի մասին խոսելիս նշեց, որ Թալիշն իրավունք չունի չբնակեցվելու, չզարգանալու: «Մենք պարտավոր ենք մեր հետագա սերունդներին փոխանցել Թալիշը: Ասում են՝ այստեղ եղել է Մեսրոպ Մաշտոցը, Րաֆֆին և շատ շատերը, պատմություններ և ավանդույթներ ունեցող գյուղ է: Այս գյուղը պետք է պահպանվի, առավել ևս, որ այն, շնորհիվ մեր բանակի, այսօր մերն է»,- ասաց նա: