Ապրիլյան պատերազմը հանկարծակի է եղել, շահարկումներ չպետք է արվեն. Վարդան Բալայանը՝ հակահարձակման փորձերը կասեցնելու լուրերին մասին. tert.am

Պատերազմը հանկարծակի է եղել, այդ մասով շահարկումներ չպետք է արվեն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վարդան Բալայանը՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմում հրետանու զգալի ուշացումով աշխատելու, հակահարձակման վերաբերյալ ստորին և միջին օղակի հրամանատարության բոլոր նախաձեռնությունները կասեցնելու մասին լուրերին:

Վարդան Բալայանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ՀՀ խորհրդարանում լսումներ անցկացնելու «Սասնա Ծռերի» առաջարկին, նա ասաց, որ այդպիսի լսումներ անցկացնելու կողմնակից չէ:

Նա նաև նշեց, որ պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի, բանակի գործունեության հիմնական նպատակը դա է: «Ապրիլյան պատերազմը միշտ մեր հիշողության մեջ կմնա, դրանից հետո մի շարք խնդիրներ լուծումներ են ստացել, բանակի մարտունակությունը ավելի է բարձրացել, պիտի ամեն ինչ անենք, որ բանակը ուժեղ մնա» -շեշտեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե նույնիսկ տեսակետներ են հնչում, որ պետք է քրեական գործ հարուցվի, հաշվի առնելով նաև այն, որ թե´ Նիկոլ Փաշինյանը և թե´ Դավիթ Տոնոյանը հայտարարել էին, որ հակառակորդի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ եղել են, Վարդան Բալայանն ասաց.

«Չեմ կարող նման հարցերի պատասխանել, այդ ուղղությամբ ընդհանարապես չեմ էլ մտածել, ճիշտն ասած, բանակը միշտ էլ իր առջև դրված խնդիրները կատարել է: Ձեր ասածը զինվորականի գործ չէ, դրա համար էլ այդ ուղղությամբ չեմ մտածել, ժամանակ չունեմ պարզապես»,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ճի՞շտ են այն պնդումները, թե հրետանին այդ օրերին աշխատել է զգալի ուշացումով, կամ հակահարձակման վերաբերյալ ստորին և միջին օղակի հրամանատարության բոլոր նախաձեռնությունները կասեցվել են, գեներալ-մայորն ասաց.

«Ինձ թվում է՝ դրանք շահարկումներ են, եթե նմանատիպ բաներ լինեին, մենք պատրաստ չէինք լինի պատերազմին, իսկ Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք: Ադրբեջանը մանր-մունր գումարտակային խնդիրները կատարել է, քանի որ դիմել էր հանկարծակի հարձակման: Իմ կարծիքով՝ մեր հերոսական զինվորներն իրենց հրամանատարների գլխավորությամբ արել են ամեն ինչ, որ մենք հակահարված տանք, հաղթենք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։