Ապրիլյան պատերազմից հետո թե՛ մարտական պատրաստվածության, թե՛ սպառազինության ու ռազմամթերքի առումով որակական փոփոխություններ են արվել. Գաբրիել Բալայան (տեսանյութ)

Եկել ենք հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան գործողությունների զոհերի հիշատակին, ևս մեկ անգամ վերաիմաստավորելու նրանց գործած սխրանքը. այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Պարտավորեցնող է բոլորիս համար, ամբողջ ՊՆ-ի, զինված ուժերի, հայ ժողովրդի համար, որ միշտ հիշենք և մեզ օրինակ ծառայի այն սխրանքը, որ կատարել են մեր զինծառայողները: Կարծում եմ՝ որոշակի առումով այս օրն ունի ամբողջ հայ ժողովրդին համախմբելու խորհուրդ, ևս մեկ անգամ պատրաստ լինելու ցանկացած զարգացման և դիմագրավելու այն մարտահրավերները, որոնք ունենք»,- նշեց փոխնախարարը:

Նա հավելեց՝ առիթ է ունեցել ասելու, որ մարտահրավերների որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել: «Կարող է մի փոքր ավելի կամ նվազ լարվածություն լինել, բայց դա ոչ մի կերպ այսօր չի ազդում զինված ուժերի մարտունակության վրա»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ դասեր ենք քաղել, ինչքանո՞վ ենք պատրաստ պատերազմին, քանի որ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ հայկական զինանոցը մերկ էր, Բալայանը պատասխանեց. «Ես չեմ կարող կիսել կարծիքը, թե հայկական զինանոցը մերկ էր, որովհետև մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա պատերազմական գործողություններից:  Վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացել ենք բավականաչափ լրացնել և՛ մեր զինանոցը, և՛ մարտական պատրաստության աստիճանը: Այն բերել ենք շատ ավելի զգոն վիճակի, արդեն սկսել ենք այն փուլը, որ քանակականը փոխարինում ենք որակականով: Այս ընթացքում ինչպես մարտական պատրաստվածության առումով, այնպես էլ սպառազինության ու ռազմամթերքի առումով որակական փոփոխություններ ենք կրել»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: