ՀՌԱՀ նախագահ ընտրվեց ՔՊ անդամ Արա Շիրինյանը

Այսօր՝ ապրիլի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը ամփոփեց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից:

Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 23 թեկնածուների հայեցակարգերը՝ առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 9-ը մասնակցի:

Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեցին Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին:

Հանձնաժողվը ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ մասով որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Արա Շիրինյանին, իսկ որոշումը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը:

Հիշեցնենք, որ Արա Շիրինյանը ՔՊ անդամ է և կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին Երևանում:
Սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում:

1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր:
1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու:
Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում:
1999-ից՝ «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է:
2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: