Այս անգամ հանդիպումը վերաբերում էր Արցախ այցին. Լիլիթ Մակունցը՝ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շուրջ երկու ժամ փակ քննարկում անցկացրին: Փակ հանդիպումից հետո լրագրողները խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է հանդիպումը կապված էր նախորդ քառօրյայի վերջին օրը տեղի ունեցած իրադարձությամբ, երբ իր գլխավորությամբ պատգամավորներն այցելել էին Արցախ՝ թողնելով կարևոր քվեարկությունը:

Մակունցը նախ նշեց, որ խմբակցությունում պարբերաբար խորհրդակցական հանդիպումներ են տեղի ունենում, և այս անգամ հանդիպումը վերաբերում էր Արցախ այցին:

«Մենք՝ որպես պատվիրակություն, տեղեկացնում էինք, թե ինչ է տեղի ունեցել և ներկայացնում մանրամասները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քվեարկության հարցում տեղի ունեցած խնդրին, նշեց, որ դա տեխնիկական է եղել: «Տրամաբանական չէ, որ առաջին ընթերցմամբ միաձայն քվեարկությունից հետո, երկրորդ ընթերցման ժամանակ հարցը չցանկանայինք անցկացնել»,-ասաց նա և նշեց, որ արագ շտկեցին խնդիրը, և այնպես չստացվեց, որ դա եղավ ի հաշիվ Արցախ այցի:

Մակունցը նշեց, որ կարևոր էր, որ հենց ուրբաթ օրը լինեին Արցախում, երբ զուգահեռ ընթանում էր Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Նախ ուրախ եմ, որ համընկել էր Արցախ այցելության օրը Փաշինյան-Ալիև հանդիպման հետ: Այցելությունը ենթադրում էր ԱՀ ԱԺ-ի օրենսդիրի հետ հանդիպում, հանձնաժողովների հանդիպում միմյանց հետ, նաև Արցախի նախագահի հետ հանդիպումը: Սա, ըստ էության, առաջին պաշտոնական այցն էր Արցախ: Նախնական որոշ հանձնաժողովների հետ պայմանավորվածություններ կան՝ հետագայում աշխատելու հետ կապված: Մեզ համար չափազանց կարևոր էր ապահովել միասնականության շարունակություն, և այս դինամիկան չպետք է նվազի»,-ասաց նա: