Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չէ, որ ասի Մարտի 1-ի գործը բացահայտված է, թե ոչ. գլխավոր դատախազ

Իսկ նախկինում հիշու՞մ եք, որ ՀՀ նախագահ քրեական հետապնդման ենթարկված լինի. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է,  որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերին անձամբ է մասնակցում:

«Բացի այդ էլ մյուս փաստարկն այն է, որ իրավական լուրջ վեճ էր ծավալվում և  այդ վեճին ես իմ մասնակցությունն անհրաժեշտ եմ համարել»,-ասաց նա:

Արթուր Դավթյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների պահանջին, որ նիստը բաց լինի, նշեց, որ գործի քննությունն, ըստ էության, դռնբաց է լինելու. «Բայց  չի բացառվում, որ լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք ունենանք»:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե փաստաբանները նշում են, որ գործն «ամբողջությամբ  ջուր է», դատախազը նշեց, որ մասնագետ էլ չլինելով՝  կարելի է կողմերի դիրքորոշումներն ու շահագրգռվածությունը պատկերացնել: «Պարզ է չէ՞, որ պաշտպանը չպետք է ասի՝ էս ինչ հիմնավոր մեղադրանք է, ամեն ինչը հասկանալի է, պարզ է, որ մեղադրող կողմն էլ գտնում է, որ իր փաստարկները շատ ուժեղ են: Դրա համար էլ ստեղծվել է մեխանիզմը, որ երկուսով գնալու են դատարան, և ներկայացնեն իրենց փաստարկները և դատարանն  իրականացնելու է արդարադատություն»,-ասաց նա:

Իսկ թե ինչպես է վերաբերվում հանգամանքին, որ արդեն հինգ գործով ՄԻԵԴ են դիմել,  դատախազն ասաց՝կարծում են, որ հիմնավոր և իրավաչափ են գործել:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործը գրեթե բացահայտված է, արդյոք համաձայն է, Դավթյանը նշեց, որ քրեական գործի նախաքննության  ավարտ է հայտարարված որոշ  մեղադրյալների մասով, նրանք հիմա ծանոթանում են գործի  նյութերին, որին կհետևեն քննիչի գործողությունները: «Օրինակ` մեղադրական եզրակացության դատախազին ուղարկելը, դրան կհետևի  դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելը կամ չհաստատելը, հետո դատարան և  կարծում եմ, որ առավելագույն թափանցիկ կներկայացվի»,-ասաց նա:

Հարցին, որ եթե պարզվի՝ Քոչարյանը սահմանադրական կարգ է խախտել և մեղադրանք լինի, արդյոք դրանով կարելի՞ է համարել, որ գործը բացահայտված է, դատախազը բացասական պատասխան տվեց: Դիտարկմանը՝ այդ դեպքում Փաշինյանը շտապե՞լ էր,  գլխավոր դատախազը պատասխանեց.. «Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չէ, Նիկոլ Փաշինյանի գնահատականը բերել, կապել քրեադատավարական գործի հետ,  ճիշտ չէ, երբ երկրի դատախազից, քննիչից կլսեք, այդ ժամանակ կարող եք ներկայացնել ձեր հակափաստարկը»,-ասաց նա: