Վահան Շիրխանյանի նամակում կան իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեցող հանգամանքներ. գլխավոր դատախազ

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակում ես տեսել եմ հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն, իսկ թե դրանք քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդման համար հիմնավոր կլինեն, թե ոչ, իրականացված ստուգողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալները ցույց կտան. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե Վահան Շիրխանյանի ԱԱԾ ուղարկված նամակում արդյոք քրեական գործ հարուցելու հիմքեր կան:

Անդրադառնալով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ որոշ տվյալներ ունենալու մասին հայտարարությանը և հարցին՝, հնարավո՞ր է նրան էլ կանչեն, Արթուր Դավթյանը նշեց, որ պետք է ավարտված վարույթներով նոր երևան եկած հանգամանք լինի, որ վարույթ սկսեն:

«Չենք կարող վարույթ իրականացնել նոր հանգամանք պարզելու համար: Եթե որևէ մեկին հայտնի է, մենք հորդում, խնդրում և առաջարկում ենք այդ  հանգամանքը մեզ հայտնի դարձրեք»,-ասաց նա:

Հարցին, որ եթե որևէ մեկը կրկին նամակ գրի 1996 -ի ընտրությունների կեղծման վերաբերյալ, դրանց ևս ընթացք կտրվի՞, դատախազը պատասխանեց, որ իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեցող ցանկացած հարցի տրվելու է պատշաճ արձագանք:

Դատախազից նաև հետաքրքրվեցին՝ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության հետ կապված արդյոք պարզեցին, թե որ թվականից է ՌԴ քաղաքացի եղել, դատախազն ասաց՝ քանի դեռ գործընթացը չի ավարտվել, չի ցանկանում կիսատ տեղեկություն հայտնել:

Նա խոստացավ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքների, պատճառների, իրավիճակի մասին պարզաբանում տալ միայն ամբողջականացնելուց հետո: