Լեւոն Երանոսյանի գործն ուղարկվեց դատարան. հայտնի է դատավորի անունը

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագարվել է դատավոր Հարություն Մանուկյանին:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:

Լեւոն Երանոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. նրա վերաբերյալ քննվող գործով նախաքննությունն ավարտվել էր շաբաթներ առաջ: