44-ի փոխարեն՝ 40 տոննա. Վրաստանի տարածքով ցորենի ներկրման հետ կապված կրկին խոչընդոտներ են ստեղծվել

Ցամաքային ճանապարհով Վրաստանի տարածքով ցորենի ներկրման հետ կապված կրկին խոչընդոտներ են ստեղծվել։ Վրացական կողմից բեռնափոխադրողներին երեկ տեղեկացրել են, որ վաղվանից ցորենով բեռնված մեքենաները պետք է կշռեն ոչ թե 44 տոննա, այլ 40։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխանցեցին բեռնափոխադրողները։ «Տարօրինակ, մեզ համար անհասկանալի պայմաններ են ներկայացվում։ Միջազգային բեռնափոխադրման չափանիշներով բեռնատարն ու բեռը միասին պետք է կշռեն 44 տոննա։ Իսկ հիմա Վրաստանում մեկ գիշերվա մեջ որոշել են, որ մեքենան ու բեռը պետք է լինի 40 տոննա։ Ընդ որում՝ խոսքը մասնավորապես վերաբերում է ցորենին»,- ասաց բեռնափոխադրողը։

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին Վրաստանի կառավարությունը փոփոխություններ իրականացրեց՝ արգելելով ցամաքային ճանապարհով հացահատիկ տեղափոխումը՝ պատճառաբանությամբ, թե ճանապարհների որակը փչանում է այդ փոխադրումներից։ Նրանց ուսումնասիրություններով՝ հացահատիկով բեռնված մեկ մեքենան ավտոճանապարհին շատ ավելի վնաս էր հասցնում, քան 20 հազար մարդատար մեքենան։ Բարձրացված դժգոհության ու բողոքի ակցիաների արդյունքում Վրաստանի կառավարությունը ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի հետ կապված որոշումը հետաձգեց մեկ տարով՝ մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը։ Մինչև հոկտեմբեր, սակայն լրացուցիչ խոչընդոտներ են առաջ գալիս։ «Սա սկիզբն է։ Իրենք նախկինում օրենքը փոխեցին, ընդվզում եղավ, հետո վերանայվեց այդ օրենքը, բայց հիմա փորձում են նման կերպով կրկին գալ իրենց նախկին որոշմանը։ Սկիզբ են դնում այդ արգելքին այսպիսով, որը, սակայն, որևէ հիմնավորում չունի։

Իրենք որևէ հրաման, որոշում ցույց չեն տալիս։ Երեկ Վրաստանի տարածք մտնող մեքենաները կանգնեցրել են, զգուշացրել, որ վաղվանից մեքենան ու բեռը պետք է 40 տոննա լինի։ Բայց կրկնում եմ, դա միջազգային բեռնափոխադրում է և չի կարող միակողմանի, մի երկրի կողմից փոփոխություններ արվեն։ Այն էլ փոփոխությունը վերաբերում է միայն ցորենին, որը շատ զավեշտալի է։ Ասենք, եթե բեռնատարը բեռնված է երկաթով կամ, ասենք, տախտակով, նորմալ է, կարող է կշռել 44 տոննա։ Երկաթով կամ տախտակով բեռնված 44 տոննա բեռնատարը ճանապարհին վնաս չի տալիս, իսկ 44 տոննա հացահատիկով բեռնվածը վնաս է տալիս։ Սա գալիս է ապացուցելու, որ կոնկրետ որոշում կա ցորենի մասով ու իրենք ամեն կերպ, ամեն ինչ անում են, որ ցամաքային ճանապարհով ցորեն չներկրվի իրենց տարածքով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ըստ զգուշացման, եթե վաղվանից բեռնատարը կշռի 44 տոննա, ապա 4 տոննան հետ է ուղարկվելու մաքսակետից։ «Իսկ եթե հետ չուղարկվի, ապա առաջ կգան կոռուպցիոն երևույթներ։ Փող կուզեն, որ բաց թողնեն մեքենան։ Այնպես որ, այս խնդիրը նույնպես պետք է կարգավորվի»,- եզրափակեց մեր զրուցակից բեռնափոխադրողը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Աղբյուրը` https://www.1in.am/2531929.html