Հայ-ամերիկյան կարմիր թելը ոսկու հանքում

Հայաստանի կառավարության և «Լիդիան Արմենիա» ընկերության հարաբերությունը կարծես թե գնում է լարվածության աճի ճանապարհով: «Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախում… ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք ձեզնից», խորհրդարանում հայտարարել է վարչապետը, երբ պատգամավորները նրան հարց են ուղղել Լիդիանի հետ հնարավոր դատական վեճի մասին՝ միջազգային արբիտրաժում:

Հարցն իսկապես բավականին բարդ է: Կառավարությունը նախաձեռնել է նոր փորձաքննություն, որն իրականացնելու է լիբանանյան գրանցում ունեցող ընկերություն: Դատելով դրա գործունեության վերաբերյալ Լիդիանի արձագանքներից, ընկերությունն այդքան էլ չի վստահում միջազգային փորձաքննությունն իրականացնողների անկախությանն ու հեղինակությանը, ինչը հիմք է ենթադրելու, որ Ամուլսարի հանքի շահագործման անվտանգության վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում Լիդիանը կարող է չընդունել այդ արդյունքն ու գնալ միջազգային դատարան:

Անկասկած է, որ ստեղծված իրավիճակում գերական պետք է լինի Ջերմուկի և Սևանի ավազանի ջրային պաշարների պաշտպանվածությունը և այդ իմաստով գործնականում առկա է երկակի բախում՝ մի կողմից Հայաստանի ներդրումային իմիջի պաշտպանության հարցը, ինչը հույժ կարևոր է, մյուս կողմից՝ ռազմավարական ջրային պաշարների:

Ի վերջո, Լիդիանն աշխատելու է մի քանի տարի, անկասկած Հայաստանի համար ապահովելու է տնտեսական շոշափելի էֆեկտ, նաև տեղական համայնքների համար, բայց վտանգների ենթակա են լինելու ռազմավարական պաշարները: Ըստ այդմ, տրամաբանական է, որ Հայաստանը պետք է համոզված լինի դրանց անվտանգության հարցում, թույլ չտա կասկածի որևէ տեղիք: Բայց, դրանով հանդերձ, կասկածի որևէ տեղիք չպետք է տա նաև բացասական եզրակացության դեպքում ներդրումային ծրագրի արգելափակումը: Ընդ որում, ոչ միայն Լիդիանի, այլ միջազգային ներդրումային հանրույթի մոտ: Այստեղ կարևոր է իհարկե ևս մեկ արձանագրում՝ Հայաստանի ինքնիշխանությունը, և այն չպետք է լինի ենթակա ոչ միայն որևէ երրորդ պետության՝ քաղաքական իմաստով, այլ նաև տնտեսական իմաստով չպետք է ենթակա լինի որևէ խոշոր ներդրողի, որևէ կորպորացիայի:

Մյուս կողմից սակայն, ինչպես միջազգային քաղաքական հարաբերություններում պետք է հստակ փաստարկված լինի Հայաստանի ինքնիշխան շահը, քանի որ որևէ երկրի պետության ինքնիշխանությունը բացարձակ չէ և պայմանավորվում է այլ երկրների հետ տարաբնույթ փոխկապակցվածությամբ, նույն կերպ և ինքնիշխանության տնտեսական բաղադրիչը որևէ երկրի դեպքում չի կարող լինել բացարձակ և այն ևս ունի փոխկապակցված խոշոր օղակների հետ հարաբերություններում հստակ և համոզիչ փաստարկման անհրաժեշտություն:

Դրանով հանդերձ, միարժեք է նաև, որ Հայաստանի հետ իրենց թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունը և դրանում առկա շահերը պետք է նույն կերպ հստակ փաստարկեն նաև երրորդ քաղաքական կամ տնտեսական կողմերը, կամ տնտեսա-քաղաքական կողմերը: Իսկ կոնկրետ դեպքում գործ ունենք թերևս հենց տնտեսա-քաղաքական թնջուկի հետ, հաշվի առնելով ոչ միայն ներդրումային ծրագրի խոշորությունը, ոչ միայն այն հանգամանքը, որը հետաքրքիր կերպով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում թնջուկ դարձավ արևմտյան եզակի ներդրումը՝ այդ թվում տեխնոլոգիական նորարարությամբ եզակի, այլ նաև այն, որ հարցը ընդգծված քաղաքական ուշադրության է արժանացրել նաև Միացյալ Նահանգները:

Այդ տեսանկյունից, միջազգային փորձաքննությունը ստանում է ոչ միայն մասնագիտական, այլ մեծ հաշվով նաև քաղաքական կարևորագույն նշանակություն, ընդհուպ ազգային անվտանգության աստիճանի: Այդ համատեքստում ի դեպ հետաքրքիր է, որ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի հանդիպումը Հայաստանի ԱԱԾ պետի հետ: Իհարկե դրա մասին հաղորդագրությունում որևէ խոսք չկա Ամուլսարի և Լիդիանի թեման շոշափելու մասին, սակայն թերևս անկասկած է, որ հայ-ամերիկյան շփումներում այն անցնում է «կարմիր թելով» արդեն տևական ժամանակ, և ընդ որում նույնիսկ դեռևս նախորդ իշխանության շրջանից:

Աղբյուրը` https://www.1in.am/2531511.html