Շաքարավազի շուկայում լուրջ հավակնություններ ունեցող ընկերություններ են մուտք գործել, բայց մենաշնորհի տերը 50 տոկոսով «փայ է մտել» այնտեղ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց շաքարի մենաշնորհը 95%-ից 78% տոկոս դառնալու վարչապետի հայտարարության մասին՝ նշելով, որ 78%-ը բացարձակ մենաշնորհ է,  և պետք է այնպես անել, որ տարվա վերջին այս թվերը 50%-ից բարձր չլինեն:

Բագրատյանը հետաքրքրվեց` արդյոք չպե՞տք է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել, որպեսզի տնտեսական հեղափոխությունը քաղաքականին համարժեք ընթանա: «Գյուղացին, որ պետք է գնա մարզպետարան, ումի՞ց պետք է պատասխան ակնկալի, սա շատ կարևոր հարց է: Գնում են մարդիկ մարզպետարաններ և ստանում են այն նույն պատասխանը, ինչը որ տարիներ շարունակ են ստացել: Մենք սա պետք է լուծենք այս խնդիրը, որ մարդը գնա ու իմանա, թե ում դիմի»,- նշեց պատգամավորը:

«Ես ձեր հարցերից միայն մի կետին կպատասխանեմ: Արդյոք կարծո՞ւմ եմ, որ այդ 78 տոկոսը գերիշխող է ու մենաշնորհի նման է, այո, կարծում եմ: Բայց ես ասում էի մի քանի ամսվա մեջ տեղի ունեցող փոփոխությունը»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով` 75 տնտեսվարող այսօր շաքարավազ է ներկրում: «Հիմա պարզ է, որ էն մենաշնորհ ունեցող ընկերությունը որոշակի առավելություն ունի: Մենք ընտրություն ունենք՝ գնալ, մտնել այդ ընկերությունը ջարդուփշուր անե՞լ, թե՞ այնպես անել, որ շուկայում այդ ընկերությունն էլ աշխատի, բայց իր առավելությունից զրկվի և գա հավասար դաշտ, աշխատի և հարկեր վճարի, որ մենք զինվորի ու ուսուցչի աշխատավարձ բարձրացնենք»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ լիովին կիսում է Բագրատյանի մտահոգությունը: «Ես ընդամենը ուզեցա ցույց տալ դինամիկան: Իհարկե, գերիշխող դիրք ունեցող ընկերությունը փորձելու է պահպանել իր դիրքը, բայց այս անգամ նա քաղաքական աջակցություն չի ունենալու 100 տոկոսով: Մենք այդ օրինակն ունենք. կան ընկերություններ, որոնք այդ շուկա մտել էին և հավակնություն ունեին մրցակցություն ներկայացնել: Մենաշնորհի տերը գնացել է, մեծ գումարով` 50 տոկոս, փայ է մտել այդ ընկերության հետ: Ես վատ եմ գնահատում այդ երևույթը, և սեփականատիրոջ հետ խոսելու ժամանակ ասել եմ, որ դա ընդամենը ձև էր, որ դուք մտնեք շուկա և երկու կոպեկ ավել փող աշխատեք: Բայց ես ոչ պոզիտիվ, ոչ նեգատիվ առումով չեմ ուզում միջամտել շուկային, սրան ասեմ՝ մի՛ ծախի, նրան ասեմ՝ մի՛ առ, բայց այդ երևույթները կան»,- շեշտեց նա:

Ամալյա Առաքելյան

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/27/pashinyan/2958235