Ոստիկանության և «Ուկռինվեստ»-ի միջև 3 պայմանագիր կնքվել է մի շարք խախտումներով. հարուցվել է քրգործ. ՊՎԾ

2018 թվականին ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանության և «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված շուրջ 1․600.000.000 ՀՀ դրամ արժողությամբ 3 պայմանագրերի օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ 3 պայմանագրերը կնքվել են ՀՀ-ում գնումները կանոնակարգող օրենսդրության մի շարք նորմերի խախտումներով։

Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Պետական վերահսկողական ծառայությունից։

Ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում սույն թվականի փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։