Հին հավակնությունը նոր շանսի դեմ. պատմությունը գնահատելու ապագայի խնդիրը

Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի աղմկոտ նամակը Հայաստանում բորբոքել է հանրային մեծ հետաքրքրություն ու քննարկումներ: Դրանցում նկատելիորեն գերակշռում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հանրային վերաբերմունքի թելադրած մթնոլորտը: Այդ վերաբերմունքը, մեղմ ասած, դրական չէ, իսկ գուցե բացասականն է նույնիսկ մեղմ բնորոշում, դրանով էլ պայմանավորվում է վերաբերմունքը Վահան Շիրխանյանի նամակի հանդեպ, և քննարկումների զգալի մասը ծավալվում է այդ ուղղությամբ: Մինչդեռ այս իրավիճակն ունի շատ ավելի խորքային շերտեր, քան այն, ինչ հիմնականում քննարկվում է, և որը խոշոր հաշվով հանրության մի զգալի մասի համար նորություն էլ չէ:

Խորքային շերտում խնդիրը Հայաստանում իշխած համակարգի հարցն է ամբողջությամբ՝ դրա բոլոր դրվագներով, որ հաջորդել են իրար անկախությունից հետո: Դժբախտաբար, հանրային քաղաքականության և շահի տեսանկյունից, պետության ապագայի տեսանկյունից այդ դրվագները ամենևին էլ լուսավոր չեն, կամ դրանցում լուսավոր պահերը հազվադեպ են, եզակի: Ի վերջո, Հայաստանը անկախության մոտ երեք տասնամյակի ընթացքում ավելի շատ սպառվել է ոչ թե մեկ, երկու, երեք նախագահների, գործիչների, այլ մի ամբողջ բազմաշերտ համակարգի գործունեության պատճառով, որտեղ անհատական պատասխանատվության և հարստության չափերը տարբեր են, սակայն պետությանը պատճառած վնասը՝ հավաքական: Ըստ այդմ՝ մենք, որպես հանրություն, կանգնած ենք թերևս ոչ միայն այդ անցնող համակարգի առանձին անհատներին գնահատելու, նրանց գործունեությանը հանրային-քաղաքակրթական, քաղաքական և հարկ եղած դեպքում քրեական գնահատական տալու անհրաժեշտության առաջ, այլ նաև համակարգին ամբողջական գնահատական տալու անհրաժեշտության առաջ:

Եվ դա կարևոր է ամենևին ոչ միայն բարոյականության տեսանկյունից, այլ նաև հանրային-քաղաքական զարգացումների արդիականության, նոր քաղաքական համակարգի, մշակույթի և իրողությունների, նաև հանրայնորեն քաղաքականության գնահատման նոր չափանիշների ու նշաձողերի սահմանման համար:

Ընդ որում, ներկայումս Հայաստանում առկա վիճակը լավագույնս ի ցույց է դնում դրա անհրաժեշտությունը, երբ տեսնում ենք, որ թավշյա հեղափոխությունից հետո «օրվա հերոսները» ոչ այնքան նոր քաղաքական սերունդն է՝ իշխանության, թե ընդդիմության կարգավիճակում, այլ հենց նախկին իշխող համակարգի տարբեր կալիբրի դերակատարները՝ մի քանի հարյուրերորդական տոկոսանոց գործիչներից, մինչև նախկին նախագահներ կամ նախարարներ: Նրանք միմյանց հետ հարաբերություններ ու հաշիվներ են մաքրում, սակայն դրանից տուժում է Հայաստանում սերնդափոխության, ընդհանրապես նոր քաղաքական սերնդի ձևավորան և կայացման գործընթացը, նոր իշխող համակարգի և նոր ընդդիմության ձևավորման գործընթացը:

Ստեղծվել է մի վիճակ, երբ այդօրինակ կերպով թացը խառնվում է չորին, հին համակարգը խառնվում է նոր իրավիճակին, ու թեև ինքնին ոչ մի շանս չունի՝ լինի հավաքական, թե առանձին սեգմենտներով կամ թևերով, այդուհանդերձ շանսից զրկում է նաև նորին:

Ըստ այդմ՝ Հայաստանում հեռացող համակարգին ամբողջական քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը առանցքային նշանակություն ունի հենց նոր շանսը հին հավակնություններից սահմանազատելու և պաշտպանելու տեսանկյունից:

Աղբյուրը` https://www.1in.am/2529279.html