Հոկտեմբերի 27-ը միշտ էլ եղել է և դեռ վստահաբար երկար լինելու է ներքաղաքական պայքարի մեջ օգտագործվելիք թեմաներից մեկը: Որպես դրա կազմակերպիչ և պատասխանատու՝ անվանվել են հնարավոր բոլոր ներքին խոշոր դերակատարները: Ավելին՝ միևնույն աղբյուրը, կախված քաղաքական կոնյունկտուրայից, կարող է գլխավոր մեղադրյալ նշանակել հերթով բոլոր հնարավոր ֆիգուրներին:
Բայց սրա մասին չեմ ուզում գրել: Ավելի կարևոր ու հատկանշական է ոչ թե դա, այլ այն, որ Հայաստանի որևէ իշխանություն էլ հանձն չի առնում «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտումը, չի դարձնում դա հատուկ, առանցքային թեմա, չնայած այդ գործի պաշտոնական վարկածի առումով միշտ էլ եղել են և կան հիմնավոր կամ ոչ հիմնավոր կասկածներ հանրության և քաղաքական դաշտի մեջ: Սա չեմ գրում՝ որպես մեղադրանք:
Սա ոչ թե մեղադրանք է, այլ անուղղակի (կամ նույնիսկ ուղղակի) վկայություն այն բանի, որ «Հոկտեմբերի 27»-ը ոչ այնքան ներքին, որքան արտաքին կազմակերպման հետքեր ունի: Ներսում կարող էին լինել դրա բարձրաստիճան համագործակիցներ, բայց բուն պատվիրատուն ու կազմակերպիչը ներսից չէր և հազիվ էլ կարող էր լինել: Սա բոլորն էլ քիչ թե շատ գիտակցում են, և այդ պատճառով էլ շարունակելով մեկը մյուսի վրա «շառ անել»՝ երբեք լրջորեն չեն դնում գործը վերաքննելու խնդիրը: Բոլորն էլ հասկանում են, որ դա հնարավոր է միայն լրիվ այլ՝ արմատապես փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակում:
Ընդհանրապես իր տիպաբանությամբ իսկ հոկտեմբերի 27-ն «արտաքին հետքով» իրադարձություն է: Երբ Հայաստանի չափի և տիպի մի որևէ երկրում ներքաղաքական պայքարի մեջ գործիք է դառնում զենքը, դա արդեն կարևոր նշան է նրա, որ մեծ հավանականությամբ՝ գործ ունենք արտաքին ազդեցության հետ:
Իհարկե, կան երկրներ, որտեղ զենքով ներքին հարց լուծելը քիչ թե շատ «նորմալ» է: Բայց հենց այդպիսի երկրները, որպես կանոն, կայուն կերպով «բզկտված» են արտաքին ազդեցություններից, ինչպես, օրինակ, Աֆղանստանն է: Հայաստանը նման երկրներից չէ: Մատների վրա կարելի է հաշվել մեր երկրում զինված քաղաքական միջադեպերը: Իմ հիշողությամբ՝ դրանք են՝ 1990-ի մայիսին Երևանի Կայարանի դեպքերը, 1991-ի ամռանը ՀԱԲ-ի հետ կապված դեպքերը, 1999-ի հոկտեմբերի 27-ը, 2016-ի հուլիսյան խռովությունը (այսպես կոչված, Սասնա ծռերը):
Հատկանշական է, որ ո՛չ 1990-ականներին, երբ երկիրը պատերազմում էր, ո՛չ 2000-ականների վերջին 2010-ականների սկզբին, երբ երկրում հզոր ընդդիմադիր շարժում էր ծավալվում: Սա վկայում է Հայաստանի ինքնիշխանության բավականին բարձր չափի մասին: Իսկ նշված բոլոր դեպքերի առումով կասկածելի է արտաքին միջամտությունը:
Ավելի ևս լուրջ նշան է արտաքին հետքի որևէ երկրի առաջին դեմքերի դեմ մահափորձը: Առաջին դեմքերի սպանությունը, որպես կանոն (ոչ միշտ, բայց հաճախ), յուրահատուկ պատժամիջոց է, որը կիրառվում է աշխարհաքաղաքական կենտրոնների կամ համաշխարհային ազդեցություն ունեցող ուժերի կողմից, որը կիրառվում է ինչ-ինչ չգրված կանոններ խախտելու դիմաց:
Օրինակ, այդպիսի չգրված կանոններից է միջազգային հարաբերությունների աստիճանակարգը՝ իրավականորեն համահավասար երկրներն ու երկրների խմբերից յուրաքանչյուրն ունի իր փաստացի տեղը միջազգային աստիճանակարգում, փաստացի ինքնիշխանության իր մոտավոր չափը, որը փոխելու փորձը նշանակում է՝ լուրջ մարտահրավեր նետել աշխարհակարգին կամ էլ առնվազն տարածաշրջանային համակարգին:
Առաջնորդները, որոնք նման փորձ են կատարում, մեծ ռիսկի են դիմում, և կարող են «պատահականորեն» սպանվել կամ, ավելի մեղմ դեպքերում, գահընկեց լինել՝ նայած, թե որքան են փորձում անցնել պայմանական կարմիր գիծը, թույլատրելիի սահմանը: Ոմանք խաղում են հենց գծի վրա, և այդ դեպքում էլ հաճախ ներկայացվում են «համաշխարհային կարծիքի» կողմից՝ որպես անօրինական բռնակալներ:
Պատժելի է նաև, այսպես ասած, «տիրադավությունը»՝ հատկապես մեր աշխարհաքաղաքական գոտում: Դա այն դեպքերն են, երբ որևէ կայսրության ազդեցության գոտի համարվող երկրի առաջին դեմքերը փորձում են այդ կայսրության պատկերացմամբ՝ «թռնել» տիրոջ վրայից՝ փաստացի անկախության նոր չափ ձեռք բերել, կամ էլ փոխել տիրոջը:
Այս օրինաչափությունները վերաբերում են՝ ինչպես հին, այնպես էլ՝ նոր պատմությանը: Քաղաքական օրենքներն ընդհանրապես տեխնիկա չեն և ենթակա չեն, այսպես կոչված, պրոգրեսի օրենքներին, այլ ինքնաբավ և, մեծ հաշվով, մարդկանց կամքից անկախ և ոչ էլ պարտադիր կերպով գիտակցելի խորքային միտումներ են, որոնք դրսևորվում են նույն կերպով՝ Պապ թագավորի օրերին թե մեր ժամանակներում:
Տրամաբանական է, երբ հոկտեմբերի 27-ը փորձում են կապել Ղարաբաղյան հարցի հետ: Սակայն տրամաբանությունը, կարծես, խախտվում է, երբ փորձում են ակնարկել կամ պնդել, որ ահաբեկչությունը պատվիրողն այն արտաքին ուժն էր, որը կողմ լինելով Ղարաբաղյան կարգավորման այդ պահի եղած տարբերակին, ուզեցել է վերացնել նրանց, ովքեր դեմ էին այդ պլանին: Եթե պատվիրատուի նպատակը լիներ Ղարաբաղյան կարգավորման ծրագրի խոչընդոտների վերացումը, ապա ահաբեկչությամբ նա ոչ միայն չէր հասնում դրան, այլև ճիշտ հակառակը՝ անիրագործելի էր դարձնում ծրագիրը: Ավելի տրամաբանական է, ուրեմն, հակադիր վարկածը:
Ահաբեկչությունն ուղղված էր հենց կարգավորման պլանի իրացման դեմ: Իսկ ինչո՞ւ պետք է որևէ մեկին այդքան ձեռնտու չլիներ կարգավորման որևէ ծրագիր: Դա կարող էր միայն այն դեպքում լինել, եթե դա լիներ այնպիսի ծրագիր, որը կայուն խաղաղության հիմքեր ստեղծելով՝ վերացնում էր արտաքին միջամտության և արտաքին միջնորդության հետագա անհրաժեշտությունը: Նման հեռանկարի դեմ, անշուշտ, կիրառելի պետք է լիներ սպանությունը՝ որպես «պատժամիջոց»:
Սա ընդհանուր այն տրամաբանությունն է, որի մեջ արդեն կարելի է ըստ ճաշակի տեղավորել կոնկրետ մանրամասներն ու գործող դեմքերին, ինչպես նաև քննաբար ընտրել միմյանց մեղադրող ներքին խաղացողների կողմից առատորեն տրամադրվող «դաշտային նյութից»:
Աղբյուրը` https://168.am/2019/03/24/1097718.html