«Գազի գնի շուրջ բանակցությունները ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև շարունակվում են»,- օրերս այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նաև ասել էր, որ գործընթացը շարունակական է և աշխատատար։
Գաղտնիք չէ, որ 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց աղմկահարույց «գազային» պայմանագիրը` 2 բաղադրիչով՝ համաձայնագիր «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների մասին, ինչպես նաև՝ համաձայնագիր գազի գների ձևավորման կարգի մասին: Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը: Սկզբում Հայաստանը 1000 խորանարդ մետրի դիմաց վճարում էր 190 դոլար, հետո դարձավ 165 դոլար, այնուհետև գինը նվազեց՝ դառնալով 150 դոլար: Սակայն այդ պայմանագրի ժամկետը լրացավ 2018 թվականի վերջին:
Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ գազի գինը սահմանին ռուսական կողմը բարձրացրել է 15 դոլարով, սակայն, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողի համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու: Այսինքն` «Գազպրոմը» սահմանին գազը 165 դոլարով վաճառում է ամբողջությամբ իրեն պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, սակայն այդ գազը սպառողին հասնում է 285 դոլարով: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ներկայումս ևս բանակցությունները շարունակվում են կոնսենսուսային գին ձևավորելու նպատակով, քանի որ, փաստորեն, տեղի ունեցածը ժամանակավոր լուծում էր:
Մեզ հետ զրույցում ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ ռուսական կողմը և՛ պաշտոնական, և՛, վստահաբար, ոչ պաշտոնական հանդիպումների, ոչ պաշտոնական խողովակների միջոցով ՀՀ կառավարությանը հասկացրել է, որ այն գինը, որով Հայաստանը մշտապես ստացել է գազը և ներկայումս էլ ստանում է, ամենաէժաններից է, և գնի այն բարձրացումը, որը տեղի ունեցավ՝ չնչին է և կարող է փոխհատուցվել Հայաստանում գոյություն ունեցող ընկերության կողմից, ինչն էլ հիմա տեղի է ունենում:
«Ես մշտապես ասել եմ, որ «Գազպրոմն» այդ ավելացված գինը չեզոքացնելու համար կդիտարկի հնարավոր մեխանիզմներ, և ներկայումս, ինչպես հասկանում եմ, այն փուլն է, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է խնդիրն ուղարկել մյուսի «դարպաս»: Խոսքը թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի մասին է: Տարիներ շարունակ խոսվում էր ուռճացված ծախսերի, սահմանին կրկնակի ավելացվող գնի, դրա պատճառների մասին, ուրեմն խնդիր կա նաև այս հարցում, «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի և ավելացվող գնի խելամտության հարցը երկկողմ քննարկումների թեմա պետք է լինի: «Գազպրոմը» ևս պետք է դիտարկի, թե ապագայում որքանո՞վ է կարողանալու իր վրա վերցնել այս խնդիրը՝ հաշվի առնելով նաև տնտեսական ապագա հնարավոր ռիսկերը և ՌԴ հնարավորությունները: Կարծում եմ` խոսակցության տնտեսական բաղադրիչն այս հարցերի շուրջ է: Բանակցությունները երկարաձգվում են, քանի որ Հայաստանն իրենն է պնդում, «Գազպրոմը»` իրենը: Ըստ իս` դեռ այս բանակցությունները կշարունակվեն»,- ասաց Սիմոնովը:
Ռուս վերլուծաբանը նկատեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չի բացահայտի՝ ասելով, որ այս ամենում կա նաև քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչ, և գազի գինը, դրա իջեցման-բարձրացման շուրջ երկխոսությունը Ռուսաստանի գործընկերային հարաբերությունների մակարդակի ցուցիչն են:
«Գաղտնիք չէ նաև, որ այսօր հայ-ռուսական հարաբերություններում չի ավարտվել ադապտացիոն փուլը, սա մի փուլ է, երբ կողմերը դեռ փորձում են հասկանալ միմյանց, խնդիրները հստակեցնել, լուծել դրանք, կամ հասկանալ այդ հարցում մյուս կողմի դիրքորոշումը: Իմ տպավորությամբ` նման փուլ է, դա չի ավարտվել, և սա որոշակի ազդեցություն ունի նաև գազային բանակցությունների վրա: Կարծում եմ` քաղաքական երկխոսության հստակեցմանը զուգահեռ՝ գազային բանակցություններում ևս հստակություն կլինի, և ըստ դրա՝ գազի գինը չի փոխվի կամ կբարձրանա: Երկու սցենարն էլ հնարավոր եմ համարում»,- ասաց Կոնստանտին Սիմոնովը:
Իր հերթին՝ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ այս բանակցություններն առաջին հերթին տնտեսական խնդիր են կողմերի համար և երկարաձգվում են, քանի որ կապված են երկու երկրների շահերի հետ:
«Գազային բանակցությունները ոչ մի երկրի հետ հեշտ չեն ընթանում, եթե չասենք, որ որոշ դեպքերում դրանք խնդրահարույց են լինում՝ հարաբերություններում վերածվելով խնդրի: Ուստի պետք է հաշվի առնել, որ սրանք արդեն իսկ տնտեսական բնույթի բարդ բանակցություններ են, երբ յուրաքանչյուր կողմ իր շահն է կարևորում: Գազային թեման ՀՀ-ում շատ քննարկված է եղել, նոր իշխանություններն ամենայն հավանականությամբ ցանկանում են, որ խնդիրները լուծի «Գազպրոմը»՝ հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիայի» ռուսական պատկանելությունը, սակայն հնչել են նաև հորդորներ՝ խնդիրները փնտրել տեղում: Կարծում եմ` կան նաև կուտակված խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, և ժամանակ է հարկավոր այս հարցերի կանոնակարգման համար: Կարծում եմ` ռուսական կողմը հակված չէ էապես բարձրացնել գազի գինը, պարզապես հայկական կողմն ավելի էժան գին է ցանկանում, ըստ ամենայնի»,- ասաց Սկակովը:
Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսության ազդեցությանը` ռուս փորձագետը չհերքեց, որ այդ հանգամանքը ևս դերակատարություն ունի: Սակայն, ըստ նրա, դա չպետք է գերագնահատել, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների բնույթն արդեն իսկ գործընկերային է, նոր իշխանությունները հայտարարել են, որ բեկումներ այդ իմաստով չեն լինելու: «Բայց գազի գինը կնճռոտ հարց է՝ հաշվի առնելով նաև ՌԴ տնտեսական վիճակն այն դեպքում, երբ բոլոր գործընկերները գնային արտոնություններ են ակնկալում, և Ռուսաստանը փորձում է երկու կողմին բավարարող ելք գտնել, որպեսզի կողմերից մեկը չտուժի մեծապես մյուսի հաշվին»,- ասաց նա:
Ռուս փորձագետն այն կարծիքին է, որ բանակցությունների արդյունքում ներկայիս գինն էական փոփոխություններ չի կրելու: «Վերջին տարիների միտումն այն է, որ ռուսական կողմը չի կարողանում մեծ զեղչեր անել, և դա պայմանավորված է տնտեսական իրավիճակով, նավթի համաշխարհային գներով և մի շարք այլ հանգամանքներով ու ցուցանիշներով: Բայց այս երկխոսությունը թույլ կտա վերանայել ծախսերը և գտնել հնարավորություններ՝ թույլ չտալու համար սպառողին տուժել»,- ասաց նա:
Աղբյուրը` https://168.am/2019/03/23/1098807.html