Ծառայողական քննություն է անցկացվել, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել. Արծրուն Հովհաննիսյանը՝ Մեղրիի դեպքի մասին

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, համաձայն որի՝  Մեղրիում գնդի ապստամբությունից հետո զինվորներին պատժել են՝ Ղարաբաղ ուղարկելով:

Արծրուն Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է. «ՀՀ ԶՈւ-ում կարգազանացությունները և անհնազանդություններն անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:
Զգուշացնում ենք, որ ԶՈւ-ի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են:

Հ.Գ. Ելույթ ունեցող ծնողի որդին՝ որպես զինծառայող, մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող»:

Հիշեցնենք, որ epress.am կայքը գրել է, որ երկու օր առաջ մի կին հանդիպել է որդուն և պարզել, որ գնդի մի քանի հարյուր զինվորներ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ կեսգիշերին մոտ, գնդին շարել են, ընտրել 20 զինվորի, պատռել են համազգեստները և ավտոբուսով ուղարկել Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկել են Ստեփանակերտ։