Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր

Գործադիրը ընդունեց քաղաքացու օրը նշանակելու մասին որոշման նախագիծը: Այսպիսով՝  ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքերում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:

Ըստ հիմնավորման՝ տեղի ունեցող ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը, և համաժողովրդական շարժման հաղթանակը:  Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:

Արձագանքելով նախագծին՝ վարչապետը նշեց, որ սխալ տրամաբանություն է ընտրված, քանի որ այդ տրամաբանությամբ կարող է համընկել ապրիլի քսանչորսի հետ, սակայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փարատեց վարչապետի մտահոգությունը՝ նշելով, որ եթե ապրիլ քսանչորսն է համընկնում, ապա տոնը նշվում է ապրիլի քսանհինգին:  «Դա միակ դեպքն է»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ընդհանրապես ոչ աշխատանքային օրերի կրճատմանը, օրինակ՝ Նոր տարվա օրերը, վարչապետն ասաց, որ կարիք ունենք այդ թեմայով քննարկումներ ունենալու: «Այդ հարցով լայն հանրային քննարկում պետք է ունենանք, քանի որ չեմ կարծում՝ միայն կառավարության անդամներով կարող ենք այդ հարցը քննարկել: Իմ անձնական կարծիքն է, որ այստեղ խնդիր ունենք, պետք է ունենանք կոնսենսուսային կամ դրան մոտ լուծում»,-ասաց նա:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/21/gov/2953569