Երբ կմատուցվի ԱԱԾ անակնկալը. վերջին քայլի երաշխիքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԱԾ պետի և ՀՔԾ ղեկավարի միջև հեռախոսազրույցի հայտնի առիթով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելը, ինչի համար դատարան էր դիմել երկրորդ նախագահի պաշտպանական թիմը: Քոչարյանի փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են Վճռաբեկ դատարան:

Գաղտնալսման հայտնի պատմության առումով, սակայն, Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակից ավելի հետաքրքիր ու առանցքային է այն, թե ով է եղել գաղտնալսողը: Անցել է մի քանի ամիս, սակայն հանրությունը դեռևս չունի այդ հարցի պատասխանը: Մյուս կողմից՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ամիսներ առաջ հայտարարեց, որ փաստացի պարզել են, թե ինչպես է գաղտնալսվել խոսակցությունը, և անգամ այն, թե ով է պատվիրել, սակայն դեռևս չկան ապացույցներ, որպեսզի կարողանան հրապարակել «մեղադրյալի» կամ «կասկածյալի» անունը: Բայց Վանեցյանը հայտարարել էր, որ պատվիրողը հանրությանը հայտնի մարդ է:

Այդ հայտարարությունից հետո ամիսներ անց ոչ թե հայտնի մարդու անունը հայտնի դարձավ, այլ հրապարակվեց գաղտնալսման, այսպես ասած, երկրորդ մասը՝ արդեն ԱԱԾ պետի և վարչապետի միջև: Դա խորհրդարանի արտահերթ ընտրության շրջանում էր: Այդպիսով, հանրությունը ներկայումս երևի թե փորձում է կանխագուշակել՝ հաջորդը կհրապարակվի գաղտնալսման նո՞ր մաս կամ նո՞ր գաղտնալսում, թե՞ կհրապարակվի գաղտնալսողի և պատվիրատուի անունը՝ ապացույցների հետ մեկտեղ: Ո՞վ է անակնկալ մատուցելու հանրությանը՝ գաղտնալսողնե՞րը, թե՞ ԱԱԾ-ն՝ գործի բացահայտման առումով:

Չի բացառվում, սակայն, որ խնդիրը գտնվում է դիրքային պայքարի մարտավարության դաշտում, և բացահայտումը կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի իրավիճակը հասարակական-քաղաքական կյանքում: Այլ կերպ ասած՝ կլինե՞ն նոր օպերաներ, հաճա՞խ կլինեն դրանք, կլինեն ավելի՞ մարդաշատ, թե՞ ոչ:

Այն, որ նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր որդեգրել են ցանկացած սոցիալական դժգոհություն քաղաքական ակցիայի և աղմուկի վերածելու մարտավարությունը՝ ակնառու է այլևս բոլորի համար: Ավելին, գործնականում ամենաբարձր մակարդակով՝ Ռոբերտ Քոչարյանի մակարդակով, հայտարարվել է, որ «աշնանը կզգացվի նոր իշխանության լեգիտիմության» խնդիրը: Չի բացառվում, որ գաղտնալսման «զենքը» ԱԱԾ-ն պահել է այն իրավիճակի համար, երբ նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակներ փորձեն առավել ինտենսիվ գեներացնել հանրային դժգոհություն նոր իշխանության հանդեպ՝ ընդհուպ քաղաքական ճգնաժամ առաջացնելու և արտահերթ ընտրության իրավիճակ ստեղծելու համար: Համենայնդեպս, դրանք բավականին բաց հայտարարված նպատակներ են, ինչին ի պատասխան՝ իշխանությունը թերևս չի բացում բոլոր խաղաքարտերը, այդ թվում՝ «գաղտնալսման» բացահայտումը:

Միևնույն ժամանակ բացառված չէ, որ գաղտնալսումը բացահայտված է փաստացի, սակայն փաստացի հայտնի չէ, թե ինչ ծավալի ու բովանդակության է գաղտնալսողների տրամադրության տակ եղած նյութը, ըստ այդմ՝ ԱԱԾ-ն խուսափում է «ֆալստարտից», երբ վերջին քայլը կարող է այդուհանդերձ լինել գաղտնալսողներինը:

Մինչ այդ փաստորեն շարունակում է բաց մնալ պետության անվտանգության հանդեպ ոտնձգության հարցը: Մի կողմից՝ իհարկե չկա կասկած, որ ԱԱԾ-ի համար խնդիրը բացահայտված է, պարզապես հանրայնացված չէ, մյուս կողմից, սակայն, եթե չի դրվել հանրայնորեն պատասխանատվության հարցը, անվտանգության խնդիրն այդ առումով շարունակում է մնալ բաց, քանի որ անվտանգություն հասկացությունը անշուշտ ներառում է շատ բաղադրիչներ, այդ թվում՝ դրա հանդեպ հանրային ընկալումների և համոզումների հանգամանքը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Աղբյուրը` https://www.1in.am/2526122.html