Դավթաշենի և Էրեբունու թաղապետարանների կեսը համայնքին չի պատկանում. նյութեր ենք պատրաստել և փոխանցել քննչական մարմիններին. Հայկ Մարության

Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը հիմա համայնքին չի պատկանում, մենք նյութեր ենք պատրաստել և փոխանցել քննչական մարմիններին: Երևանի ավագանու այսօրվա՝ մարտի 19-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այգում 2000-3000 քմ հող են վաճառել, Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանի կեսը պատկանում է ինչ-որ այլ մարդու, ոչ թե համայնքին, Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքի կեսը նույնպես այլ մարդու է պատկանում, կա մարզադաշտ, գրադարան, որոնք համայնքինն էին, հիմա այլ մարդու են պատկանում: Բոլոր այս նշված գործերը դատախազություն ենք հանձնել»,- հայտնեց քաղաքապետը:

Հայկ Մարությանը կրկնեց, որ միայն Օպերայով սահմանափակվելն արդար չի լինի, և կանաչ տարածքների վերականգնման աշխատանքներ կլինեն նաև այլ տեղերում: Նրա խոսքով՝ բոլոր տեղերում աշխատանքները փուլային են լինելու, որպեսզի տնտեսվարողները կարողանան վերակազմակերպել իրենց բիզնեսը:

Հարցին, թե խնդիր կա այս կամ այն անձին պատկանող սրճարանին չանդրադառնալու, քաղաքապետը նշեց. «Ինձ համար միևնույն է՝ ով է սրճարանատերը: Մենք հստակ քաղաքականություն ենք գծում և դրանով գնում ենք առաջ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման հարցով հանրաքվե չանցկացվեց, Հայկ Մարությանը պատասխանեց. «Այստեղ հանրային պահանջը շատ ակնհայտ էր, երկրորդ՝ դրա կարիքը չկար, որովհետև մենք այդտեղ օրենքն էինք ի կատար ածում, այդ բոլոր սրճարանները կառուցվել են ապօրինի: Մնացած հարցերում էլ, եթե տեսնենք, որ այնուամենայնիվ հանրային պահանջ կա, նաև դատական պրոցեսներ են լինելու»:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/19/Hayk-marutyan/2951975