Որ իրավիճակում Բաքուն կհամաձայնի, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան

Բանակցությունների սեղանի շուրջ  Արցախի վերադարձը  վերջին շրջանում հակամարտության կարգավորման համատեքստում ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել։

Պաշտոնական Երևանի հռետորաբանությունից դատելով` հայկական կողմը լրջորեն որոշել է բանակցությունների տրամաբանության և ձևաչափի մեջ որակական փոփոխություններ մտցնել։  Իսկ Ստեփանակերտում Հայաստանի  և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն իր էությամբ աննախադեպ էր, միայն սրեց ինտրիգը։

Սակայն իր դիրքորոշումներից չի ընկրկում նաև Ադրբեջանը, որը ծայրահեղ բացասական է ընկալում բանակցություններին Արցախի մասնակցության մասին ցանկացած դիտարկում։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ–ի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով` բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը ժամանակի հարց է, իսկ Ադրբեջանի դիմադրությունն իր բացատրությունն ունի։

Փորձագետն ընդգծեց, որ Արցախը այսպես, թե այնպես մասնակցում է բանակցային գործընթացին։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կատարած այցի ժամանակ, որպես կանոն, այցելում են նաև Ստեփանակերտ, որտեղ հանդիպում են Արցախի ղեկավարության հետ։

«Սակայն վաղ թե ուշ Արցախի ներկայացուցիչները պետք է անմիջական մասնակցություն ունենան բանակցային գործընթացին։ Պարզ է, որ այդ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում։ Կարծում եմ, Արցախը կվերադառնա այն պահին, երբ առանց բացառության բոլոր կողմերը, մասնավորապես, Բաքուն, կհասկանան, որ հակամարտությունը լուծել է պետք» – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Որքան կձգձգվի «հասկանալու» գործընթացը դժվար է ասել։ Ինչպես նշեց Պողոսյանը, եթե որևէ մեկն այդ հակամարտությունն ուզում է անվերջ ձգել, թող ձգի։

«Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի դիտարկում խնդրի խաղաղ լուծումը։ Բաքվում հիմա ավելի հակված են ռազմական սցենարը քննարկելուն։ Երբ Ադրբեջանը հասկանա, որ դա հնարավոր չէ և որևէ օգուտ չի բերի, նրանք կհամաձայնեն բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձին», – համոզված է մեր զրուցակիցը։

Խոսելով Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստի մասին, Պողոսյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթների հիմնական ուղերձը դարձավ Երևանի և Ստեփանակերտի շահերի միասնականությունը։

«Հայաստանի և Արցախի ղեկավարությունը նույն լեզվով է խոսում, և դա շատ կարևոր է այս պահին։ Իսկ այն ամենը, ինչ քննարկվել է փակ դռների հետևում, դժվար է մեկնաբանել, մինչև չտեսնենք արդյունքները», – ավելացրեց փորձագետը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ Հայաստանի և  Արցախի ԱԽ համատեղ նիստը տեղի է ունեցել Ստեփանակերտում մարտի 12-ին։

Օրակարգի հիմնական թեման բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակի գնահատումն էր, ինչպես նաև համակարգված գործողությունների որոշումը։

Աղբյուրը` https://m.armeniasputnik.am/karabah/20190317/17733089/vor-iravijakum-bakun-khamacayni-vor-arcaxy-veradarna-banakcayin-sexan.html