Եթե Ադրբեջանը մերժի Արցախի՝ բանակցային սեղան վերադարձը, ՀՀ-ն և ԼՂՀ-ն ազատ կլինեն այս ուղղությամբ իրենց քայլերում. Ա. Մելիքյան

Արցախի՝ բանակցությունների սեղան վերադարձն ադրբեջանական կողմի ուղղակի մերժումից հետո այլևս Հայաստանը, Արցախը ազատ կլինեն ինքնուրույն որոշելու՝ ինչպես կարող են այս նպատակին հասնել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Եթե Ադրբեջանը չհամաձայնի, ապա հարցը այլևս կմնա Հայաստանի և Արցախի վրա, որովհետև այս մերժումից հետո թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտն այլևս հնարավորություն կունենան ինքնուրույն առաջ շարժվել և ձեռնարկել այն քայլերը, որոնք անհրաժեշտ կհամարեն Արցախը բանակցային սեղանի մոտ բերելու համար»,- ասաց նա:

Արման Մելիքյանի կարծիքով՝ միանգամայն հնարավոր է Արցախին բանակցային սեղան վերադարձնելու նպատակին հասնել այս ուղղությամբ հետևողական ջանքեր գործադրելու պարագայում: «Ամենակարևորն այն է, որ այս նպատակն արդեն հռչակված է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս նպատակի շուրջ պաշտոնապես բանակցի Իլհամ Ալիևի հետ: Անկախ նրանից, թե ադրբեջանական կողմն ինչ կասի, միևնույն է, սա այն նպատակն է, որից հրաժարվել չենք կարող և չպետք է հրաժարվենք»,- նշեց Արցախի նախկին արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ Արցախի վերադարձը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քննարկման խնդիր է, ըստ որի էլ՝ եվրոպացիներն իրենց վերաբերմունքը կարտահայտեն: «Մենք կարող ենք և պարտավոր ենք ռազմական գործողություններին պատրաստ լինել, բայց ամեն ինչ ի հայտ կգա արդեն, երբ կայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը: Եթե այնտեղ մոտեցումների, կարծիքների բախում տեղի ունենա, ապա չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը կվերսկսի իր ագրեսիվ գործողությունները ճակատային գծի ողջ երկայնքով և անգամ Հայաստանի սահմաններին»,- ասաց նա:

Արման Մելիքյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պետք է արդեն պաշտոնապես հնչեցնի Արցախը բանակցային սեղանի մոտ բերելու առաջարկը:

«Կարծում եմ, որ պաշտոնական Բաքուն կա՛մ ժամանակ կվերցնի պատասխանը պատրաստելու համար, կա՛մ տեղում կմերժի:

Դրանից հետո արդեն գործողությունների ժամանակը կգա՝ առաջին դեպքում կառուցողական գործողություններ կլինեն երկուստեք, երկրորդ դեպքում՝ Հայաստանն ու Արցախն իրենց ծրագիրը պետք է գործի գցեն, եթե այդպիսին կա, իսկ Ադրբեջանը դրան համառորեն կդիմադրի»,- նշեց դիվանագետը:

Արցախի նախկին արտգործնախարարը համամիտ է այն կարծիքների հետ, որ Հայաստանը պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից. «Ճիշտ է, անհրաժեշտ է անցումային փուլ, ես տեսնում եմ, թե ինչպես հնարավոր կլինի առայժմ բանակցել նախկին ձևաչափի շրջանակներում շատ կարճ ժամանակ, այնուհետև սեփական ծրագրերը գործի դնել, որոնք նաև էապես կազդեն մինչ այժմ ձևավորված բացասական և անպտուղ մթնոլորտի վրա: Բայց սա արդեն ՀՀ գործադիր իշխանության խնդիրն է»: