Միամիտները կարծում էին՝ հայտնվելով ԵԱՏՄ-ի մեջ ունենալու էինք մեծ հաջողություններ

ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայիս ղեկավար Տիգրան Սարգսյանը «Ռեգնում»-ին տված իր հարցազրույցում հայտնել է, որ 2018-ին ԵԱՏՄ երկրների ընդհանուր առևտրաշրջանառությունը աճել է 9,2 տոկոսով, փոխադարձ առևտրաշրջանառության աճի առումով առաջատարներ են Հայաստանը և Ղազախստանը՝ համապատասխանաբար 20,7 և 12 տոկոսներով:

Այս առնչությամբ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Միամիտները կարծում էին, որ հայտնվելով Եվրասիական տնտեսության մեջ՝ շուտափույթ ունենալու էինք մեծ հաջողություններ: Իսկ Տիգրան Սարգսյանի բարձրաձայնած թվերը մեզ համար չափազանց կարևոր են»:

Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո մենք ճակատային պետք է հասնենք զարգացման ու պարզապես աշխատենք. «Մենք պետք է կարողանանք հետաքրքիր լինել շուկաների համար: Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում եվրոպական շուկաների համար մենք չենք կարող հետաքրքիր լինել, իսկ մինչ այդ մենք իրավունք չունենք ժամանակ կորցնելու: ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակում մենք ունենք կամ ունեցել ենք հեղինակություն: Սա նշանակում է, որ մենք մեր ոչ այդքան որակյալ ապրանքները կարողանում ենք հրամցնել որևէ մեկին, իսկ դա կարևոր է երկրի համար:

Այսինքն՝ առայժմ մենք կարող ենք մեր հաջողությունները գոնե սկսել ԵԱՏՄ շրջանակներում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: