Բլոգեր Նարեկ Մալյանի վրա հարձակումից հետո Սորոսի հիմնադրամը հայտարարություն է տարածել

Սորոսի հիմնադրամի հայկական մասնաճյուղը (պաշտոնական անվանումը` Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստան) հայտարարություն է տարածել, որում հերքել է իր հասցեին մեղադրանքները։ Դրա համար պատճառ է դարձել բլոգեր Նարեկ Մալյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, որին «Ռեստարտ» իշխանամետ շարժման ակտիվիստները մարտի 3–ին փորձել էին գցել աղբարկղը։ Մալյանը նրանց անվանել էր «Սորոսի վաստակներ» և հայտարարել, որ նրանք փորձում են հասնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին` ֆինանսավորվելով Սորոսի հիմնադրամից։

Միաժամանակ, կազմակերպության տարածած հայտարարությունում նշվում է, որ իրենք դատապարտում են անձի հանդեպ այս և բոլոր տեսակի այլ հարձակումները, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր առաջ են տանում կեղծիքը՝ փորձելով պառակտում սերմանել: Հիմնադրամից կոչ են անում բոլոր կողմերին դիմել ողջամիտ ու իրազեկված երկխոսության՝ հաշվի առնելով Հայաստանի համար այս հույժ կարևոր ժամանակահատվածը:

«Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի դեմ հնչած մեղադրանքները ամբողջովին կեղծ են: Բոլոր տեսակի պնդումները, որ Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը նպատակ ունի վնասել Երևանի պետական համալսարանի հեղինակությանը կամ վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին, անհեթեթ են, վիրավորական ու սուտ: Հայաստանը գտնվում է կարևոր շրջադարձային մի փուլում. փոխակերպում դեպի ժողովրդավար ու բաց հասարակություն՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումների, անհավասարության ու հանրային անվստահության փակ հասարակությունից», – նշվում է հայտարարությունում։

Հիմնադրամը հայտարարում է, որ հեղափոխության սկզբից սատարել է սիրո ու համերաշխության վրա խարսխված այս գործընթացը:

Միաժամանակ հիմնադրամը չի հերքել «Ռեստարտ» նախաձեռնության հետ կապը։ Նշված է, որ ԲՀՀ–ն իր դռները բացել է 1997թ.-ին, այդ օրվանից ի վեր հիմնադրամը օգնություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին՝ ներառյալ ընտանեկան բռնության ենթարկված կանանց ապաստարաններին, հետաքննող լրագրողներին ու լրատվամիջոցներին, մարդու իրավունքների պաշտպաններին և ընտրությունների ու պետական եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին:

Աղբյուրը` https://bit.ly/2ExYwXZ