Հայտնել-չհայտնելը մի՛ խառնեք թաքցնել-չթաքցնելու հետ. Արծրուն Հովհաննիսյանը՝ չորս զինծառայողի մահվան դեպքերը չհայտնելու մասին

ՊՆ-ն ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չի հայտնել, բայց երբ այս կամ այն կերպ այն հայտնվել է, ՊՆ-ն հաստատել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Tert.am-ի հրապարակած չորս զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն չի հայտնել:

«Հայտնել-չհայտնելը մի՛ խառնեք թաքցնել-չթաքցնելու հետ: Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չենք հայտնել, բայց երբ այս կամ այն կերպ այն հայտնվել է, հաստատել ենք, դա չհայտնել չի նշանակում: Ո՞վ է ասել, որ դա առաջինը մեր կայքում պետք է դնենք, այդպիսի պարտավորություն ես չունեմ»,- ասաց նա:

Նշենք, որ Tert.am-ի տեղեկություններով՝ մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել։

Հարցին թե նմանատիպ քանի՞ դեպք է եղել, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, երևի 3-4:

Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ Tert.am-ին վստահեցրեց, որ բոլոր մահվան դեպքերի մասին հաղորդագրություն տարածել են: Նշենք, որ Արցախի ՊԲ-ն 2019-ին մեկ զինծառայողի՝ Ֆրունզիկ Թամրազյանի մասին է հայտնել, ով  փետրվարի 12-ին` ժամը   նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկից, որտեղ էլ գրանցվել է նրա մահը:

Աղբյուրը` https://bit.ly/2C3LLUQ