Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի աշխատակիցը մերկացվել է կաշառք վերցնելու պահին

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի գլխավոր մասնագետ Նվեր Օհանյանը մերկացվել է կաշառք վերցնելու պահին: Օհանյանը քաղաքացուն հողատարածք տրամադրելու եւ սեփականության վկայական հանձնելու համար պահանջել եւ ստացել է 170 հազար դրամ գումար:

ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը հայտնեց, որ առավոտյան են իմացել կատարվածի մասին, եւ որ դեռեւս մանրամասների չեն տիրապետում:

Մեր հարցին, թե ինչ գործով է կաշառք պահանջել ու ստացել, ասաց./Բնակելի տան փատաթղթերի հիմքերի փաստաղթերի վերականգնում էր անում, լիազոր անձի միջոցով էր արվում գործը, հոկտեմբերից գալիս-գնում է, կիսատ փաստաթղթեր կար, պետք է բերվեր/,-ասաց Աբովյանը, հավելելով, որ կոնկրետ իր մոտ, որպես բաժնի պետ, այդ գործով որեւէ մեկը չի եկել:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը եւս առավոտյան է իմացել կատարվածի մասին:

Փաստի առթիվ Բազումի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում Մելինե Եղշատյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի և 312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մեր տեղեկություններով՝ ոստիկանական օպերացիան իրականացվել է Վանաձորի Թումանյան փողոցում:

Աղբյուրը` https://bit.ly/2tLLHV6