Ո՞ւր մնաց իրանական էժան գազը. Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այլևս չի խոսում դրա մասին

Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցով այդպես էլ չտրվեցին այն բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք կային հայ-իրանական հարաբերություններում։ Խոսքն առաջին հերթին տնտեսության մասին է։ Այս ոլորտում երկու երկրների միջև առկա է ահռելի պոտենցիալ, որը շարունակում է մնալ չիրացված։

Ու որքան էլ թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի այցը կփոխի իրավիճակը, այդպես չեղավ։ Ըստ էության, վարչապետին չհաջողվեց որևէ լուրջ ձեռքբերում արձանագրել հայ-իրանական տնտեսական հարաբերություններում։

Այն ամենի մասին, ինչ խոսվեց երկու երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում, նորություն չէր։ Դրանք օրակարգում են արդեն երկար տարիներ։

Փոխարենը՝ այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ եղավ իրանական էժան գազը, որի մասին այդքան տարի խոսում էին այսօրվա իշխանության ներկայացուցիչները, երբ ընդդիմություն էին։ Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Իրանի դեսպանը հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է նույնիսկ 100 դոլարով գազ վաճառել բարեկամ Հայաստանին։

Հետագայում այս հայտարարությունը բազմիցս շահարկումների պատճառ դարձավ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսօր նա բոլոր լծակներն ունի իրանական էժան գազը բերել Հայաստան և վաճառել սպառողներին։

Բայց այդ հարցը վարչապետի այցի ժամանակ ստվերում մնաց։ Այդ մասին գրեթե խոսք չեղավ։

Հասկանալի է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Իրանն ամենևին էլ պատրաստ չէ Հայաստանին ավելի էժան գազ առաջարկել, քան նույնիսկ վերջին թանկացումից հետո ստացվում է Ռուսաստանից։ Բոլոր այն խոսակցությունները, որոնք կային ժամանակին իրանական էժան գազի ներմուծման հնարավորությունների վերաբերյալ, ընդամենն առիթ էին նախկին իշխանություններին քննադատելու և հասարակության աչքին լավամարդ երևալու համար։

Ավելին, այսօր կառավարությունը խնդիր ունի նույնիսկ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում նախկին իշխանությունների կողմից ձեռք բերված համեմատաբար արտոնյալ պայմանները պահպանելու առումով։ Իրանական կողմը պատրաստ է ավելացնել այս ծրագրի շրջանակներում Հայաստանին մատակարարվող գազի ծավալը։ Բայց հակված չէ պահպանել գործող հարաբերակցությունը։ Մատակարարվող գազի դիմաց Իրանը մտադիր է ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ։

Խնդիրը եղել է նաև Նիկոլ Փաշինյանի այցի օրակարգում։ Ու դատելով վարչապետի հայտարարությունից` կողմերը համաձայնության չեն եկել. «Իրանի կողմից կա պատրաստակամություն՝ մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է՝ գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղությամբ»։

Բանկացություններն արդյունավե՞տ կլինեն, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Բայց դրանից կախված է ոչ միայն գործարքի հետագա գրավչությունը, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, այլև էներգետիկայի ոլորտում հայ-իրանական և տրածաշրջանային համագործակցության մի շարք ծրագրերի ապագան։

Ինչպես հայտնի է, «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմացծրագրի ընդլայնման նպատակով դեռևս երկու տարի առաջ սկսվեց Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման շինարարությունը։ Այսօր էլ այն շարունակվում է։ Ու երբ հայտարարվում է, թե Իրանը պատրաստ է ավելացնել գազի մատակարարումը Հայաստան, խոսքը ընդամենն այս ծրագրի շրջանակներում տարիներ առաջ ձեռք բերված պայմանավորվածության մասին է։

Երրորդ բարձրավոլտ գծի հետ են կապված նաև էլեկտրաէներգետիկական շուկայում տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ինչպես եռակողմ` Իրան-Հայաստան-Վրաստան, այնպես էլ քառակողմ` Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափով։ Այս քննարկումները նոր չեն։ Հայաստանը տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական միջանցք դարձնելու վերաբերյալ աշխատանքները սկսվել են դեռևս երեք տարի առաջ։ Էներգետիկայի նախարարների մակարդակով կայացել են մի քանի քառակողմ հանդիպումներ և քննարկումներ`  ծրագրի իրականացման վերաբերյալ։

Սակայն իշխանափոխությունից հետո գործընթացը, կարելի է ասել, կանգ է առել։ Անորոշ է հատկապես Հայաստան-Վրաստան էլեկտրագծի կառուցման ապագան։ Մինչդեռ առանց դրա անիմաստ է խոսել ոլորտում տարածաշրջանային համագործակցության մասին։

Անշուշտ, Իրանը դիտարկում է Հայաստանը՝ ոչ միայն էլեկտրաէներգիայի փոխանակումների, այլև՝ գազի արտահանման համատեքստում։ Բայց դրանում ևս որևէ նոր բան չկա։ Այդ մասին բազմիցս հայտարարել են իրանական իշխանությունները։

Ավելին, երկու-երկուսուկես տարի առաջ բավական մոտ էր թվում Հայաստանի տարածքով Վրաստան իրանական գազի առաքման հնարավորությունը։ Այդ գազը մտադիր էր ձեռք բերել վրացական մասնավոր ընկերություններից մեկը։ Բայց գործարքը չկայացավ, որովհետև դրան խոչընդոտեց Ադրբեջանը։ Վերջինս ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չդառնա տարանցիկ երկիր իրանական գազը վրացական սպառողին հասցնելու համար։

Թերևս դա էր պատճառը, որ Վրաստանի և Իրանի միջև գործարքը չկայացավ։ Ադրբեջանը Վրաստանին առաջարկեց շատ ավելի արտոնյալ գնային պայմաններ` մատակարարվող գազի դիմաց։ Մի բան, ինչը դարձավ ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողման պատճառը։ Հավանականությունը, որ առաջիկայում իրավիճակը կփոխվի, շատ փոքր է։

Հասկանալի է, որ տարածաշրջանային անկայունության, Միացյալ Նահանգների ու Իրանի միջև առկա լարվածության պայմաններում գոնե այս փուլում անիմաստ է խոսել իրանական գազը Հայաստանի տարածքով նաև այլ երկրներ արտահանելու մասին։ Հատկապես որ, չկան բավարար ենթակառուցվածքներ։

Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը չափազանց քիչ է դրա համար։ Տարեկան այն կարող է տեղափոխել 2-2,2 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը հազիվ կարող է բավարարել Հայաստանի ներքին պահանջարկը։

Այժմ, իհարկե, գազատարը լցված է միայն մեկ քառորդով։ Բայց Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործման և «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի բարեհաջող շարունակման դեպքում` այդ հնարավորությունն անհամեմատ կփոքրանա։ Լավագույն դեպքում՝ այս գծով Հայաստանը կարող է տարեկան 500 միլիոնից առավելագույնը մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ առաքել Վրաստան։ Ու դեռ հարց է, թե դա որքանով կհաջողվի։

Այս փաստերը խոսում են այն մասին, որ այսօր հայ-իրանական տնտեսական գործակցության հեռանկարները շարունակում են նույնքան անորոշ մնալ, որքան Նիկոլ Փաշինյանի այցից առաջ։ Այն ամենևին էլ նոր հեռանկարներ չուրվագծեց Հայաստանի և Իրանի հարաբերություններում։ Այցի ընթացքում այդպես էլ համագործակցության վերաբերյալ որևէ նոր պայմանավորվածության մասին խոսք չեղավ։

Աղբյուրը՝ 168.am