Հայաստանում սկսվել է տնտեսական ռեֆորմների շրջանը։ Մենք ցանկանում ենք անցած տարի տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել նաեւ տնտեսական հեղափոխության։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում։
Այս նպատակին հասնելու ճանապարհին, Փաշինյանի խոսքով, ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են պարզացնել պետական կարգավորումները, հեշտացնել բիզնես գործունեությամբ զբաղվելը եւ բարեփոխել հարկային օրենսգիրքը։ «Մեր նպատակն է Հայստանի ներդրումային եւ գործարար միջավայրը դարձնել ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար։ Բացի այդ մենք խրախուսելու եւ քաջալերելու ենք աղքատ մարդկանց նույնպես ակտիվություն դրսեւորել, ինչ-որ բան անել», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, որպեսզի աղքատ մարդիկ եւս բիզնես գործունեություն ծավալեն, Հարկային օրենսգրքի փոփոխություններով գործունեության նոր տեսակ է սահմանվում՝ միկրոձեռնարակատիրություն, որն ազատվում է բոլոր տեսակի հարկերից։ «Այսպիսով մենք ցանկանում ենք քաջալերել մեր քաղաքացիներին բիզնես ակտիվություն դրսեւորել», – նշում է նա։
Նա նաեւ անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական հարցերին՝ նշելով արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների բացառման մասին։ «Մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք։ Դա շատ կարեւոր է մեր քաղաքացիների համար եւ մեծ շուկա է հայկական բիզնեսի համար։ Մենք նաեւ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ունենք Եվրամիության հետ, որը պատրաստվում ենք կյանքի կոչել», – ասում է Փաշինյանը։
Վարչապետի խսքով, ԵՄ-ի հետ համաձայնագի նպատակը Հայաստանը սոցիալապես եւ քաղաքականապես ուժեղացնել է։ «Մենք ամրապնդելու ենք Հայաստանի ժողովրդավարությունն ու ժողովրդավարական ինստիտուտները։ Մեր ազգաբանակչությունը ոգեշնչված է թավշյա հեղափոխությամբ եւ աջակցում է այդ գործընթացին», – ասել է Նիկոլ Փաշինյանը։
Աղբյուրը՝ armtimes.com