«Հայկական ռեստորանների միության» անդամները պատրաստվում են առաջիկա օրերին մեկ օրով փակել բոլոր ռեստորանները՝ բողոքելով շրջանառության հարկը 2 տոկոսով բարձրացնելու դեմ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը փոխարինվել էր 6 տոկոս շրջանառության հարկով, իսկ այս տարվանից սկսած՝ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ 6 տոկոսին գումարվում է ևս 2 տոկոս շրջանառության հարկ, այսինքն՝ ընդհանուր ռեստորանները պետք է վճարեն 8 տոկոս շրջանառության հարկ։ Բայց սա դեռ վերջը չէ, նույն օրենսգրքով նախատեսված է, որ 2020 թվականին 8 տոկոս շրջանառության հարկին ավելանալու է ևս 2 տոկոս, այսինքն՝ հաջորդ տարի ռեստորանները վճարելու են 10 տոկոս շրջանառության հարկ։
«Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին իրենք ակտիվ ներքին քննարկումներ են անցկացնում, որոշում են իրենց անելիքները, և ամենաուշը վաղը երեկոյան պարզ կլինեն իրենց վերջնական քայլերը։ «Տարեվերջին մենք մեր առաջարկները ներկայացրել ենք կառավարությանը։ Մեր առաջարկը մեկն է՝ 5 տարով սառեցնել շրջանառության հարկի հետագա բարձրացումը, ինչը մեզ թույլ կտա գները չբարձրացնել։ Հակառակ պարագայում շուկան արդեն կարգավորվել էր՝ տնտեսվարողներն աշխատողներին գրեթե 100 տոկոսանոց գրանցել են, բոլորը շրջանառությունը նորմալ ցույց են տալիս։ Իսկ եթե հիմա փոփոխությունները թողնվեն ուժի մեջ, այսինքն՝ երկու անգամ գին բարձրացնեն, երբ տնտեսության մեջ չի նկատվում դրական տեղաշարժ, տնօրենների, ազգաբնակչության եկամուտները չեն աճելու, հետևանքը կարող է մեկը լինել՝ կտրուկ կբարձրանան գները»,-ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ այս օրերի քննարկումների արդյունքում իրենք որոշել են սպասել մինչև կառավարությունը ձևավորվի, որ իրենց պահանջը հասցեատեր ունենա։
Մեր հարցին, թե Պետական եկամուտների կոմիտեի հետ որևէ քննարկում, բանակցություն տանո՞ւմ են, ՊԵԿ-ից արձագանք կա՞ իրենց ներկայացրած պահանջներին, Բարսեղյանը պատասխանեց. «ՊԵԿ-ի հետ էլ քննարկումներ չեն գնում, ոչ էլ այդ կողմից արձագանքներ կան։ Քննարկումները հիմա ավելի շատ ներքին են, մենք ներսում ենք որոշում՝ ինչ անել մինչև կառավարությունը ձևավորվի, ու մեր պահանջների հասցեատերը լինի»։
Աշոտ Բարսեղյանի խոսքերով՝ շրջանառության հարկի բարձրացումը բացասական է անդրադառնալու առհասարակ տնտեսության, տուրիզմի զարգացման, աշխատատեղերի վրա, տնտեսվարողներից շատերը պարզապես կսկսեն խուսափել հարկեր վճարելուց․«Գների բարձրացումը ճարահատյալ քայլ է, մենք ստիպված ենք լինելու մասսայաբար բարձրացնել գները, իսկ գները բարձրացնելու հետևանքով նվազելու են ներքին սպառումը և տուրիստական գրավչությունը։ Արդեն թեթև բարձրացման հետևանքով մենք ունենք տուրիստական ամրագրումների 40 տոկոսանոց չեղարկում։ Եթե ռեստորանների գները մեկ անգամ էլ հունվարին սկսենք բարձրացնել, պատկերացնում եմ, որ մյուս ամրագրումները ևս կչեղարկվեն»։
Երևանում գործող ռեստորանների սեփականատերերի խոսքերով՝ շրջանառության հարկի բարձրացմամբ, ըստ էության, հայաստանյան ռեստորանները, ժամանցի վայրերը, տարածաշրջանում դառնալու են ոչ մրցակցային ու ոչ հասանելի բոլորին։ Փաստացի, օրենքի գործարկումից հետո ռեստորանների ու ժամանցի վայրերի կողմից վճարվող հարկերը կբարձրանան մոտավորապես 4-5 անգամ: Այսինքն՝ նախկինի համեմատ վճարվելիք հարկերը կավելանան 6-7 անգամ, որն էլ, ինչպես արդեն նշեցինք, կհանգեցնեն նշված հաստատությունների կողմից գների բարձրացման, իսկ դա, իր հերթին, այդ վայրերը կդարձնի հասանելի ոչ բոլորին։
ՊԵԿ պաշտոնյաները, ինչպես արդեն նշեցինք, դեռևս լռում եմ։
Աղբյուրը՝ 1in.am