ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ 2019 թվականը մեր պատմության և հիշողության մեջ մնա որպես շատ ավելի պոզիտիվ տարի:
«Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ, թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքների համար, որովհետև 2018-ը քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի էր, սակայն նրա կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք, ըստ էության, տնտեսական ցնցումներ չունեցանք»:
Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ:
«Կարծում եմ, որ 2019 թվականի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության և գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով: Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն և չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության և դրանում ներգրավված ընկերությունների հաջողությունը: Ամենակարևոր շահագրգռությունը, որ մենք ունենք այդ ասպարեզում՝ առանց բացառության բոլոր ընկերությունների հաջողությունն է: Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի անհաջողությամբ մենք շահագրգռված լինենք որևէ պատճառաբանությամբ և Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի հաջողությամբ մենք շահագրգռված չլինենք: Մենք ուզում ենք, որ Հայաստանի բոլոր ընկերությունները 2019 թվականին ստանան մեծ եկամուտներ, առավել մեծ եկամուտներ, հնարավորինս շատ եկամուտներ, որպեսզի հասկանալիորեն ավելի մեծ հարկեր վճարեն Հայաստանի Հանրապետությանը»,–ասել է Փաշինյանը:
Նա նաև հավաստիացրել է, որ այդ հարկերն առավել արդյունավետ և նպատակային ծախսելու արդյունավետությունը պիտի դառնա մեր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ ի շահ մեր երկրի, մեր ազգային շահերի: «Մենք այդ ուղղությամբ նաև պետք է միմյանց հետ աշխատենք: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է, որ ձևավորվի նոր գոծընկերության մակարդակ: Իհարկե, այս իրավիճակը ենթադրում է նաև, որ գործարար համայնքը պետք է ակտիվ ներգրավված լինի օրենսդրական դաշտի բարեփոխումների գործընթացին, որպեսզի այն բարեփոխումները, որ մենք մտադիր ենք իրականացնել տնտեսությունը խթանելու, տնտեսական աճ ապահովելու համար, իրականում ծառայեն այդ նպատակին և ոչ թե հակառակ էֆեկտների բերեն, որովհետև մենք ունենք ծրագրեր, որոշակի պատկերացումներ, բայց դրանք գործնականում կիրառողները լինելու եք դուք, և շատ կարևոր է նախապես համոզվել, որ այդ փոփոխությունների գործնական կիրառումը իսկապես բերելու է պոզիտիվ արդյունքների»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Վերջում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անցած՝ 2018 թվականը մեր պատմության և հիշողության մեջ կմնա որպես պոզիտիվ տարի և ցանկացել, որ 2019 թվականը մեր պատմության և հիշողության մեջ մնա որպես շատ ավելի պոզիտիվ տարի:
Աղբյուրը՝ armeniasputnik.am