«Թավշյա» 2018-ը․ հեռացող տարվա նշանակալի իրադարձությունները Հայաստանում

Այս տարվա ընթացքում գրանցված իրադարձությունները վերաձևեցին ներքաղաքական լանդշաֆտն ու վերջ դրեցին մեկ քաղաքական ուժի գրեթե 20-ամյա իշխանությանը։

Հեռացող 2018-ն իսկապես բուռն էր Հայաստանի համար։ Տարին նշանավորվեց այնպիսի իրադարձություններով, որոնք գուցե նույնիսկ զարգացումների բոլորովին այլ ալգորիթմի հիմք դարձան։ Բայց ամեն ինչի մասին` հերթով։

«Անգլիական» նախագահ

Քաղաքական տարին երևի սկսվեց այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպանը երկրի նախագահ ընտրվեց։ Ընտրությունը կայացավ մարտի 2-ին։ Նոր Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը նախագահին ընտրեց 7 տարի ժամկետով։ Մեկ ամիս անց՝ ապրիլի 9-ին, լրացավ Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահության ժամկետը։ Այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության անդամները գրեթե չէին թաքցնում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ է դառնալու, և սահմանադրական նոր պահանջների համաձայն` նրա ձեռքերում են կենտրոնանալու իշխանական բոլոր լծակները։

«Ես անում եմ իմ քայլը»

Միաժամանակ «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին բողոքի քայլերթ սկսեց Գյումրիից։ Ակցիայի նպատակն էր համախմբել մարդկանց ու թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։

Մարտի 12-ին ՀՀԿ-ն հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այդ ժամանակ Փաշինյանը մի քանի համախոհների հետ արդեն Երևանի ճանապարհին էր։ Պետք է նշել, որ մոտ 200 կիլոմետր քայլելու գաղափարը շատերի համար տարօրինակ էր, ու ոչինչ չէր հուշում, որ այդ ակցիան հաջողությամբ կպսակվի։ Արդեն ապրիլի 13-ին, երբ Փաշինյանն իր համախոհների հետ Երևան էին հասել, մայրաքաղաքում մեկնարկեցին բողոքի ակցիաներն ու քայլերթերը, բայց մասնակիցների թիվը դեռ փոքր էր։

«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»

Ապրիլի 17-ին Սարգսյանն ընտրվեց վարչապետ, իսկ բողոքի ձայնը չլռեց։ Ի վերջո, ցուցարարների ճնշման տակ նորընտիր վարչապետը ապրիլի 23-ին հրաժարական տվեց։ Հանրապետության հրապարակում հավաքվածները պահանջում էին, որ Փաշինյանը վարչապետ ընտրվի, բայց խորհրդարանական մեծամասնությունն ի դեմս ՀՀԿ-ի մայիսի մեկին կայացած նիստում դեմ քվեարկեց նրա թեկնածությանը։ Հաջորդ օրը ակցիաները նոր թափ ստացան, որից հետո հանրապետականները խոստացան ընտրել Փաշինյանին մայիսի 8-ի նիստի ժամանակ։

Ազատություն «Սասնա ծռերին»

Փաշինյանի վարչապետության առաջին օրերն ու շաբաթները նշանավորվեցին «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ազատ արձակելով։ Հիշեցնենք` 2016-ի հուլիսին «Սասնա ծռերի» անդամները զավթեցին Երևանի Պարեկապահակային ծառայության գունդը, ինչի հետևանքով երեք ուժայիններ մահացան։ 2018-ին խմբավորման հիման վրա նույնանուն կուսակցություն ստեղծվեց, որը մասնակցեց դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությանը։

Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից է

Փաշինյանն իր ընտրությունից գրեթե անմիջապես հետո՝ մայիսի 14-ին, Սոչիում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանը կրկնեց նախկինում բազմիցս հնչեցրած միտքն այն մասին, որ չի պատրաստվում կտրուկ փոփոխություններ անել արտաքին քաղաքականության մեջ ու ամեն ջանք կգործադրի Ռուսաստանի հետ գործակցությունն ամրապնդելու ու առանցքային ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի գործունեության արդյունավետությունը մեծացնելու համար։

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը

Հուլիսի վերջին կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրան մեղադրեցին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Դրա համար առիթ հանդիսացան տասը տարվա վաղեմության իրադարձությունները։ 2008-ի մայիսին Երևանի կենտրոնում ոստիկանության հետ բախումների վերածված հակակառավարական հանրահավաքների ժամանակ տասը մարդ էր մահացել։ Քոչարյանն այն ժամանակ ավարտում էր նախագահության երկրորդ ժամկետը։ Նրան մեղադրեցին հանրահավաքը ցրելու համար բանակն օգտագործելու մեջ։ Հուլիսի 27-ի երեկոյան նրան երկու ամսով կալանավորեցին։ Հետխորհրդային տարածքում առաջին դեպքն էր, երբ երկրի նախկին նախագահը բանտում էր հայտնվում։ Քոչարյանն այնտեղ երկար չմնաց․ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց նրան, բայց նոյեմբերին Վճռաբեկ դատարանը կրկին քննեց խափանման միջոցի մասին որոշումը, և դեկտեմբերի 7-ին նախկին նախագահին կրկին մեկուսարան ուղարկեցին։

Կրքեր Երևանի քաղաքապետի շուրջ

Իշխանափոխության գրեթե առաջին օրերից բողոքի ակցիաներ սկսվեցին Երևանում։ Մարդիկ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Հուլիսի 9-ին Մարգարյանը լքեց քաղաքապետի պաշտոնը։ Երևանի Ավագանու նոր ընտրությունն անցկացվեց սեպտեմբերի 23-ին, հաղթեց Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, հայտնի դերասան ու շոումեն Հայկ Մարությանը։ Ընդ որում՝ իշխանական թիմը հաղթեց մեծ առավելությամբ՝ ստանալով ընտրողների քվեների ավելի քան 80%-ը։

Երկաթը տաք–տաք են ծեծում

Երևանի ավագանու ընտրության ժամանակ գրանցած հաղթանակը Փաշինյանին դրդեց արագացնել վեցերորդ գումարման Ազգային ժողովի ցրումն ու արտահերթ ընտրության անցկացումը։ Նա որոշեց օգտվել հետհեղափոխական էյֆորիայից` խորհրդարանական ընտրություններում հնարավորինս շատ քվեներ ստանալու համար։

Դա թույլ չտալու համար «Հանրապետական», «Ծառուկյան» ու ՀՅԴ խմբակցությունները ԱԺ կանոնակարգում փոփոխություններ նախաձեռնեցին։ Այդ փոփոխությունների համաձայն՝ ԱԺ ընդհատված նիստերը չկայացած կհամարվեին ու կհետաձգվեին։ Դա անհրաժեշտ էր խորհրդարանը ցրելու գործընթացը խափանելու համար։ Ի պատասխան այդ նախաձեռնությանը Փաշինյանն ուղիղ եթեր մտավ ու կողմնակիցներին կոչ արեց հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց։ Կարժ ժամանակում հազարավոր մարդիկ հավաքվեցին, ու Փաշինյանը մտավ ԱԺ–ի շենք` նշված դաշինքների հետ բանակցություններ վարելու համար։ Դուրս գալով ցուցարարների մոտ՝ նա հայտարարեց, որ խորհրդարանական ուժերը վարչապետի իրենց թեկնածուին չեն առաջադրելու ու իրեն չեն խանգարելու։

Փաշինյանը հեռացավ

Խորհրդարանը ցրելու նպատակով հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական տվեց։ Սահմանադրության համաձայն՝ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է երկու անգամ մերժեր նոր վարչապետին թեկնածուին, որից հետո ԱԺ-ն մեխանիկորեն կցրվեր։ Այդպես էլ եղավ։ Նոյեմբերի 1-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովը ցրվեց։ Նույն օրը նախագահը դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հրաման ստորագրեց։

Հետհեղափոխական խորհրդարան

Դեկտեմբերի 9-ին կայացած ընտրության արդյունքում Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների 72,4%-ը, երկրորդ տեղում հայտնվեց Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»` քվեների 8,26%-ով։ Եռյակը եզրափակեց Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 6,37%-ով։ Մնացած ութ կուսակցություններն ու դաշինքները չկարողացան հաղթահարել 5% և 7% շեմերը։

Ընտրությունն ամրապնդեց «թավշյա հեղափոխության» հաղթանակը, որի նախաձեռնողներն այսօր խոստանում են տնտեսական հեղափոխություն անել։ Փաշինյանն ու նրա թիմը հիմա ունեն իշխանական բոլոր լծակները, որոնք չունեին նախորդ գումարման խորհրդարանի օրոք։ Այժմ հիմնական հարցը մեկն է՝ ինչպե՞ս նրանք կօգտվեն այդ հնարավորությունից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am