Աղբահանության վճարը հավաքագրելու գործառույթը ամբողջությամբ պատվիրակվել է Երևանի վարչական շրջանի ղեկավարներին, որոնք այդ լիազորությունները իրականացնելու են աշխատակազմերի միջոցով:
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ մինչ այս պահը այդ գործառույթը իրականացնում էր մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից:
«Ակնկալվում է, որ սույն որոշմամբ կբարձրանա գումարների քաղման արդյունավետությունը»,- ասաց Առաքելյանը:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախկինում կար ակնհայտ անվստահություն համատիրությունների նկատմամբ:
«Որքան իրենք իրենց մասով հավաքագրվող գումարի մասով խնդիր էին ունենում, այդքան էլ քաղաքապետարանը խնդիրներ էր ունենում աղբահանության վճարների հավաքագրման մասով: Այն վարչական շրջանները, որոնք սեփական միջոցներով էին հավաքագրումը իրականացնում, շահում էին, որովհետև կարգապահությունը վճարման տեսանկյունից ավելի մեծ էր:
Բացի դրանից, բյուջեով նախատեսված այն կտրոնները, որոնք տպագրվում էին և տրամադրվում էին համայնքատիրություններին, նրանց համար նույնպես միջնորդավճար էր նախատեսվում և ստացվում է, որ իրենց կողմից հավաքագրված գումարի շուրջ 10 տոկոսը մենք որպես միջնորդավճար էինք հատկացնում»,- ասաց Խաժակյանը: