Փակե՞լ, թե՞ ոչ․ Կենդանաբանական այգու ղեկավարի և Հայկ Մարությանի կարծիքները տարբեր են

Երևանի քաղաքապետը համարում է, որ պարտադիր չէ Կենդանաբանական այգին փակել մինչ ստուգումների ավարտը, իսկ այգու տնօրենը դա անհրաժեշտ է համարում։

Վերջին շրջանում Երևանի Կենդանաբանական այգին մշտապես հայտնվում է սկանդալային իրավիճակներում։ Պարբերաբար ահազանգ է հնչում, որ այգում կենդանի է սատկել։ Եթե սկզբում հասարակությունն անփութության մեղադրանք էր ուղղում այգու ղեկավարությանը, ապա այսօր ակնհայտ է, որ այստեղ դիտավորություն կա։

Միաժամանակ ակտիվիստների խումբը շարունակում է մեղադրել Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին` պահանջելով նրա հրաժարականը։ Փորձագետներն էլ համոզված են, որ կենդանիներին դիտավորյալ են սպանում, և այստեղ հանցավոր պայմանավորվածություն կա։

Ներկա պահին կենդանաբանական այգում ստուգումներ են անցկացնում, իրավիճակը փորձում են պարզել իրավապահ մարմինները։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրեն առաջարկել են փակել այգին, սակայն որոշվել է այդ քայլին չգնալ։ Նրա խոսքով՝ կենդանաբանական այգին պետք է սովորականի պես գործի մինչ ստուգումների ավարտը։ Մարությանը հավաստիացրեց, որ անձամբ է հետևում իրադարձությունների զարգացմանը։

«Իմ հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով։ Ստուգվում է Կենդանաբանական այգու եռամյա ֆինանսական գործունեությունը, կենդանիներին պահելու պայմանները, ինչպես նաև ձևավորվել է շահագրգիռ անձանց խումբ, որն ուսումնասիրում է առանձին ոլորտները, և մանրամասն զեկույցներ ներկայացնելուց հետո գնահատական կտրվի ու կներկայացվի հասարակությանը», – նշեց քաղաքապետը։

Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցին ասաց, որ այգին փակելն անհրաժեշտ է համարում։ Նրան անհանգստացնում է այն փաստը, որ կենդանիները մեկը մյուսի հետևից սատկում են։ Խաչատրյանը կատարվածի մեծ կազմակերպված հանցագործության տարրեր է տեսնում։ Նա մտավախություն ունի, որ կենդանիների սպանությունները կշարունակվեն, իսկ ստուգումներն ու տեսախցիկները չեն կարող կանգնեցնել դա, եթե գործընթացի մեջ խառնված է աշխատակիցներից մեկը, ով լավ գիտի կենդանիների պահվածքն ու սովորությունները։ Դա պարզելն ավելի բարդ կլինի, եթե ժամանակավորապես չփակեն այգին։

«Այգին պետք է ռազմավարական օբյեկտ դառնա, քանի որ մենք խոսում ենք նաև հասարակական առողջության, հնարավոր վարակների, երեխաների և շատ այլ բաների մասին, ինչի մասին հասարակությունը չի մտածում։ Հետևաբար, Կենդանաբանական այգու նկատմամբ մոտեցումը պետք է փոխվի, այգին պետք է լուրջ կարգավիճակ ստանա», – ասաց նա։

Ավելի վաղ կենդանիների առողջության և սննդի անվտանգության միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը հայտարարել էր, որ այգում կան մարդիկ, որոնք կենդանիներին ոչնչացնելու կոնկրետ խնդիր ունեն ու իրենց նպատակին հասնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի։ Բացի այդ, ստեղծված իրավիճակը, նրա համոզմամբ, վկայում է, որ Երևանի քաղաքապետարանն ի վիճակի չէ լուծել խնդիրը և չի տիրապետում իրավիճակին։

Հիշեցնենք, որ 2018թ-ի ձմռանը Կենդանաբանական այգում տուբերկուլյոզի բռնկում էր գրանցվել։ Առաջին զոհը դարձել էր կխտարը, դրանից հետո հիվանդության պատճառով սատկել էին լամաները, կամերունյան այծը և եղջերուները։ Այս թեման սկսեց արծարծվել մայիսին։ Կրքերը հազիվ էին հանդարտվել, երբ հոկտեմբերի 3-ին պարզվեց, որ այգու արջերը հոշոտել են մեկ այլ արջի։

Նոյեմբերի 13-ին զեբրին խնամող աշխատակիցը կենդանուն գտավ անբնական դիրքով պառկած։ Լաբորատոր անալիզները ցույց տվեցին, որ զեբրի արյան և մեզի մեջ մեծ քանակությամբ մկնդեղ է եղել։

Նոյեմբերի 26-ին այգում հայտնաբերեցին սատկած կոկորդիլոսին։ Այժմ փորձաքննություն է տարվում այս դեպքի պատճառները պարզելու համար։

Մի քանի օր առաջ` դեկտեմբերի 12-ին, սատկեց նաև բեզոարյան այծը։ Դրանից երկու օր առաջ կենդանին հայտնվել էր իր ազատավանդակից և Կենդանաբանական այգու սահմաններից դուրս, բայց աշխատակիցները կարողացել էին նրան այգի վերադարձնել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am