Վարդենիսում առանց քաղաքացիների գիտության նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցուցակում՝ հափշտակելով խոշոր գումարներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մեկ նախկին և մեկ գործող աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ ապօրինի վարձատրություն ստանալու վերաբերյալ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում  պարզվել է, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մեկ նախկին և մեկ գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր ամիս առերևույթ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակցի կողմից առերևույթ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.376.000 դրամ, իսկ նույն գործակալության ներկա աշխատակցի կողմից 6.520.000 դրամ գումար:

Դեկտեմբերի 12-ին՝ վերջիններս ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Աղբյուրը՝ tert.am